Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունն անընդունելի է համարում իրանական մոտորանավակների կողմից ամերիկյան էսկադրոնային ականակրին բավական մոտենալը։
Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը. «Ներկա դրությամբ հայտնի չէ, թե ինչպիսին են եղել իրանական նավերի մտադրությունները, սակայն նման պահվածքն անընդունելի է՝ հաշվի առնելով, որ ամերիկյան նավը գտնվել է միջազգային ջրերում։
Նման գործողություններն ու միջադեպերը մտահոգում են մեզ, քանի որ կարող են առանց անհաժեշտության հանգեցնել լարվածության էսկալացիայի»։
Էռնեստը կրկնել է Պենտագոնի գնահատականները, որ իրանական նավերի գործողությունները եղել են ոչ անվտանգ ու ոչ պրոֆեսիոնալ։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի չորս մարտական մոտորանավակներ օգոստոսի 23-ին Հորմուզի նեղուցի մոտ անցել են ամերիկյան Nitze էսկադրոնային ականակրից առնվազն 275 մետր հեռավորության վրա, ինչից հետո ամերիկյան ռազմանավը հարկադրված է եղել փոխել ուղղությունը։