Քաբուլում Ամերիկյան համալսարանի վրա գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել: Այդ մասին հայտնում է TOLO News հեռուստաալիքը Twitter-ում՝ հղում անելով Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներին:
Նշվում է, որ հարձակման հետևանքով զոհվել է 8 ուսանող, նաև ուսումնական հաստատության անվտանգության 2 աշխատակից, 2 դասախոս, 3 ոստիկան և 1 քաղաքացիական անձ: Վնասվածքներ է ստացել 53 մարդ:
Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի և 44 վիրավորի մասին:
Չորեքշաբթի երեկոյան Քաբուլում մահապարտը համալսարանի դարպասների մոտ ականապատ ավտոմեքենայում պայթեցրել է իրեն: Հետո մի քանի զինված անձինք ներխուժել են շենք: Իրավապահները ոչնչացրել են հարձակվողներից երկուսին:
Ոչ մի ահաբեկչական խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։