Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ Մեսրոպ Մակյանի, կքննվի «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու գործը: Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ գործը քննվում էր Հատուկ քննչական ծառայությունում և օրեր առաջ քրեական գործով նախաքննությունն ավարտվելուց հետո այն արդեն դատարանում է:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 20-ի լույս 21-ի գիշերը՝ ժամը 03.30-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մաքսային տեսուչ Հարություն Թանգամյանը դիտավորությամբ բռունցքով ուժգին հարվածներ էր հասցրել «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակից Վարազդատ Խոցանյանին՝ վերջինիս առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս:
Հարություն Թանգամյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: