Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ցուցանիշ, համաձայն որի՝ 4.3 տոկոսով նվազել է տնտեսական ակտիվությունը։ Տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ եթե ուսումնասիրում ենք օպերատիվ տվյալները, ապա տեսնում ենք, որ չորս ոլորտում է անկում գրանցվել՝ գյուղատնտեսություն, շինարարություն, առևտրի ոլորտ։ «Այնուհանդերձ մենք տարին դրական ցուցանիշով կծածկենք և, վստահաբար, կառավարության հայտարարած թիրախներից շատ ավելի բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշով։ Այլ բան է, թե հասարակությունը կզգա՞ այդ դրական ցուցանիշների ազդեցությունն իր վրա, թե՞ ոչ»,- ասաց տնտեսագետը։
Արտակ Մանուկյանը տարօրինակ չի համարում գյուղատնտեսության ոլորտում անկումը։ Նրա խոսքով՝ այս տարի տեղացած կարկուտը բավական վնաս հասցրեց բերքին։ «Բայց այստեղ տարօրինակն այն է, որ այսքան ժամանակ փորձ չի արվում գյուղատնտեսությունից կախվածությունը դիվերսիֆիկացնել։ Այն վիճակը, որը կար չորս տարի առաջ, առկա է նաև հիմա։ Ոչ մի տեսլական չկա»,- հավելեց մեր զրուցակիցը։
Տնտեսագետի խոսքով՝ կառավարությունը պետք է ուսումնասիրի այս դինամիկան, այն, որ Հայաստանի տնտեսությունը կորցնում է իր մրցունակությունը, ավելի մենաշնորհային է դառնում, ավելի խոցելի է դառնում տնտեսական աճի մոդելը։ «Կառավարությունը Ամերիկա չպետք է հայտնագործի, պարզապես պետք է ուսումնասիրել տնտեսության վիճակը ու փորձել լուծել առկա խնդիրները»,- ասաց Մանուկյանը՝ հավելելով, որ տնտեսական ակտիվության այս անկման ֆոնին կառավարության ղեկավարը ոգևորված խոսում է արձանագրած տնտեսական աճի մասին։
Առավել մանրամասն՝ տեսանյութում: