Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուին հայտնել է, որ PYD/YPG-ի ուժերը (Սիրիայի քրդերի ջոկատներ) լքում են Եփրատ գետի արևմտյան ափը:
Քերիի ու Չավուշօղուի միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր երեկոյան, այն նախաձեռնել է ամերիկյան կողմը: Թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնել են, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցումն ու երկարաժամկետ հրադադարը:
Քննարկվել է նաև սիրիական Ջերաբլուսի շրջանում ռազմական գործողության հարցը: Կողմերն ընդգծել են, որ պատրաստ են համագործակցել այդ ուղղությամբ: Ընդգծվել է նաև Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ջանքերի միավորման կարևորությունը: