Եգիպտոսում փակվել է 220 հյուրանոց՝ 2016թ. զբոսաշրջային ակտիվության նվազման պատճառով: Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիայի կայքում՝ հղում անելով Եգիպտոսի Գործարարների ասոցիացիային:
Ամենից շատ կորուստներ կրել է Շարմ-էլ-Շեյխը, որտեղ աշխատանքը դադարեցրել է 54 հյուրանոց, 35-ը փակվել է Մարսա-Ալամում, 34-ը՝ Հուրգադայում: Նշվում է, որ ներկայումս Կարմիր ծովի ոչ մի հանգստավայրում ամբողջ հզորությամբ աշխատող հյուրանոց չի մնացել:
Հաղորդվում է, որ մի շարք հյուրանոցներ դադարել են գործել Սաֆագայում, Լուքսորում և Ասուանում: Նշվում է, որ փակված հյուրանոցների թիվը կարող է ավելանալ սեպտեմբերի 12-ից հետո, երբ Եգիպտոսի մուսուլմանները նշում են տարվա գլխավոր տոնը՝ Իդ ալ-Ադհան:
Հյուրանոցատերերը նշում են, որ զբոսաշրջային հոսքի առավել մեծ կրճատումը բաժին է ընկնում Ռուսաստանին, Մեծ Բրիտանիային և Իտալիային: