Skai հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Հունաստանի կառավարությունում հերքել են այն հաղորդումը, թե ևս մեկ թուրք զինվորական Թուրքիայից փախել է Հունաստան:
Երեկ երեկոյան հունական ԶԼՄ-ները տեղեկատվություն տարածեցին, որ թուրք զինվորականը, որը կարող էր մասնակից եղած լինել Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձին, չորեքշաբթի ցերեկը հիդրոցիկլով հասել է հունական Սամոս կղզի և քաղաքական ապաստան խնդրել:
Հունաստանի կառավարության աղբյուրը հերքել է այդ տեղեկատվությունը՝ այն որակելով որպես «վտանգավոր խաղ»: Հունաստանը ներկայումս դիտարկում է ապաստան տալու միջնորդությունը, որ ներկայացրել են 8 թուրք զինծառայողներ:
Նրանք ռազմական հեղաշրջման հաջորդ օրն ուղղաթիռով փախել էին Հունաստան, ինչը դիվանագիտական ցնցումներ է առաջացրել Հունաստանի ու Թուրքիայի միջև: Անկարան քանիցս դիմել է նրանց արտահանձնման հարցով: