Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն հունվարի 19-ին Իրանին ուղարկել է 1.3 միլիարդ դոլար, ինչը տեղի է ունեցել այն բանից երկու օր անց, ինչ ինքնաթիռով Իրան է ուղարկվել 400 միլիոն դոլար կանխիկ գումար, որն ուղղակիորեն կապված է եղել իսլամական հանրապետությունում ազատազրկման մեջ գտնվող ամերիկացիներին ազատ արձակելու հետ։
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Էլիզաբեթ Տրյուդոն։ Վերջինիս խոսքերով՝ ամերիկյան իշխանություններն այդ քայլին գնացել են՝ լուծում տալու համար արդեն մի քանի տասնամյակ ձգձգվող վեճին, որն առնչվում է չմատակարարված ռազմական տեխնիկային, ինչի համար իրանական իշխանությունները նախկինում վճարել էին 1.7 միլիարդ դոլար։
Տրյուդոյի խոսքերով՝ Վաշինգտոնը Թեհրանին հատկացրել է 13 տրանշ՝ յուրաքանչյուրը 100 միլիոն դոլար և 1 տրանշ՝ 10 միլիոն դոլար։ Տրյուդոն այլ մանրամասներ չի ներկայացրել։