Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ն ուշադիր հետևում է Սիրիայի տարածքում ԴԱԻՇ-ի դեմ Թուրքիայի սկսած ցամաքային գործողությանը և Անկարային ու մյուս երկրներին կոչ է անում հարգել միջազգային նորմերը, ինչպես նաև ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը. «Ինչպես իր բազմաթիվ բանաձևերում հաստատել է ՄԱԿ ԱԽ-ն, ԴԱԻՇ-ի ու ահաբեկչական այլ խմբերի դեմ պայքարը մնում է առաջնահերթ միջազգային հանրության համար և գլխավոր քարտուղարը վճռականորեն դատապարտել է Թուրքիայի հանդեպ ԴԱԻՇ-ի հարձակումները։
ՄԱԿ-ը դրա հետ մեկտեղ կոչ է անում հարգել միջազգային բոլոր նորմերն ու սկզբունքները։ Մենք նաև ընդգծում ենք, որ բոլոր կողմերը պետք է ամեն տիպի հանգամանքներում պաշտպանեն խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտները»։