Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Անկարայում գտնվող նախագահական նստավայրում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հանդիպումը։
Այն անցել է դռնփակ պայմաններում և տևել է 2 ժամ ու 25 րոպե։ Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է նվազագույնը կալանավորի Ֆեթուլլահ Գյուլենին, քանի որ ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև գոյություն ունի հանցագործների կալանավորման ու արտահանձնման մասին համաձայնագիր։
Էրդողանը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն դրական կվերաբերվի Թուրքիայի այդ պահանջին։ Բայդենն իր հերթին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հեղաշրջման փորձի առաջին պահից գտնվել է իր դաշնակից Թուրքիայի իշխանությունների կողքին։
Բայդենը հայտարարել է, որ տեսել է հուլիսի 15-ին Թուրքիայի խորհրդարանի շենքի վնասված մասերը՝ ընդգծելով, որ այդ օրը համայն աշխարհն ականատես եղավ թուրք քաղաքացիների հայրենասիրությանը։ Բայդենի խոսքերով՝ Գյուլենի արտահանձնման հարցով զբաղվում են իրավաբանները, քանի որ դա իրավական հարց է։