Թուրքիայի սկսած գործողությունների հետևանքով ոչնչացվել են ավելի վաղ պարզված ԴԱԻՇ-ի նպատակակետերը, հայտնել են ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունում:
Թուրքիայի բանակը միջազգային կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ չորեքշաբթի սկսել է Ջարաբլուսի ազատագրման ռազմական օպերացիան:
Տարածված հայտարարության համաձայն՝ Թուրքիայի բանակի կողմից սկսված գործողությունը «նպատակ ունի սահմանամերձ շրջանները ազատել ահաբեկիչներից, ամրացնել սահմանների անվտանգությունը, ինչպես նաև ներդրում ունենալ Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովման և աջակցման գործում»:
Սակայն Դամասկոսն արդեն հանդես է եկել Սիրիայի տարածք թուրքական տանկերի և զրահատեխնիկայի ներխուժման դատապարտմամբ և այդ գործողությունները համարել է Սիրիայի ինքնիշխանության խախտում: Սիրիայի արտգործնախարարությունում ընդգծել են, որ ահաբեկչության դեմ պայքարը պետք է տարվի միայն պաշտոնական Դամասկոսի հետ համաձայնեցված: