CNN Turk հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական տանկերն ինտենսիվորեն հրետակոծում են Սիրիայի Ջերաբլուս քաղաքում գտնվող ԴԱԻՇ-ի դիրքերը՝ արձակելով ավելի քան 200 արկ և խոցելով 70 թիրախ:
Այդ մասին հեռուստաալիքին հայտնել են նրա ռազմական աղբյուրները: Գործողությունը մեկնարկել է ժամը 04:00-ին, դրան մասնակցում են նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի ողջ ղեկավարությունը գտնվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի շենքում: Թուրք հատուկջոկատայինները մուտք են գործել Սիրիայի տարածք:
Ռազմական աղբյուրը հայտնել է, որ տեղի ունեցածը Սիրիայում ցամաքային ռազմական գործողություն չէ, և որ թուրքական ու կոալիցիոն ուժերի նպատակը սիրիական չափավոր ընդդիմության համար միջանցք բացելն է՝ Ջերաբլուսն ահաբեկիչներից ազատագրելու, սահմանի անվտանգությունն ապահովելու և Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու համար:
Չի բացառվում, որ Ջերաբլուսի ազատագրման գործողությունը կարող է տևել երկու շաբաթ: