Վերջին օրերին Ռուսաստանի նախագահ Պուտինը մի քանի հանդիպումներ ունեցավ տարածաշրջանում՝ հանդիպեց Իրանի, Ադրբեջանի և Թուքիայի նախագահների հետ: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցում նշել էր, որ պատրաստվում են ստեղծել Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ միություն: Այս իրադարձությունների շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իր դիտարկումները ներկայացրեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը:
«Էրդողանը նման առաջարկով հանդես է եկել գրեթե մեկ ամիս առաջ, Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցը կայացել է հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից բառացիորեն օրեր անց: Ռուսաստանը և Իրանը առաջիններից մեկն են եղել, որոնք արձագանքել են հեղաշրջման փորձին, իրենց աջակցությունն են հայտնել Թուրքիայի իշխանություններին, ինչը շատ կարևոր գործոն է: Էրդողանը շարունակ դժգոհում է, որ Արևմուտքից աջակցություն չի ստանում՝ հեղաշրջման փորձի հետ կապված, այս առումով Էրդողանի քայլը սպասելի էր»,- նշեց թուրքագետը:
Հայկ Գաբրիելյանի կարծիքով՝ կողմերի միջև կուժեղանան շփումները նաև ռազմական հեղաշրջման փորձի տապալման պատճառով. «Դրա հաջողության դեպքում Թուրքիան ավելի սերտորեն պետք է կապվեր Արևմուտքի հետ՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ, մինչդեռ հեղաշրջման տապալումը Թուրքիային մղում է դեպի Արևելք՝ դեպի Ռուսաստան, Չինաստան, Իրան, դեպի իսլամական աշխարհ»:
Թուրքագետի կարծիքով՝ տարածաշրջանային մրցակիցներ Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի միջև եռյակ միություն՝ դաշինք ստեղծվելն իրատեսական չէ, քանի որ այդ երկրների միջև տարաձայնությունների որոլտը շատ մեծ է:
Մանրամասները՝ տեսանյութում: