Thursday, 18 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին
17:40
ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի դեմ հակաքայլի դիմաց Իսրայելի գործողություններին Ռաֆահում
17:30
Զելենսկին հայտարարել է, որ ճակատում Ռուսաստանը աստիճանական առաջխաղացում ունի
Հայաստանի «բրենդը»
17:20
Ֆրենկ Փելոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին
ԱՄՆ-ն, ենթադրաբար, հավանություն է տվել Ռաֆահում Իսրայելի գործողությանը՝ Իրանին հակահարված չհասցնելու պայմանով. ԶԼՄ-ներ
17:19
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ սենատոր Մենենդես
«Խաղաղության խաչմերուկը» կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան
17:10
Բրիտանացի խորհրդարանականները պահանջել են ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ առողջության պարտադիր ապահովագրության պահանջի ներդրման մասին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հրաբխի ժայթքման պատճառով կատարվել են տարհանումներ, փակվել է օդանավակայանը
16:40
Գերմանիայի փոխկանցլեր Հաբեկը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Ռուսաստանը վերաֆորմատավորու՞մ է Ադրբեջանում ներկայությունը
16:24
ԵՄ երկրները համաձայնեցրել են Իրանի դեմ նոր պատժամիջոցները
Ռուսաստանը սահմաններ չունի. Պուտինը ինքն է բացել «Պանդորայի արկղը»
Ռուսաստանում ջրածածկ եղած բնակելի շենքերի թիվը հասել է գրեթե 18 000-ի
Ալիևը և այլ պաշտոնյաներ կկանգնեն ՄՔ դատարանի առաջ․ այսօր մուտք է արվել առաջին գանգատը
Անչափահասի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու դեպքով երկու անձ է կալանավորվել
15:43
Բաքվի դեմ պատժամիջոցների կոչ եմ անում. միակ հայկական և ասորական արմատներով անդամ՝ ոչինչ չեմ մոռացել
15:42
Հայաստանը պետք է ստանա բավարար աջակցություն
Նեթանյահուն հետաձգել է պատանդների գործարքը
15:30
Հարավային Կորեան 200 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Ուկրաինային
15:20
Խորվաթիայի գործող վարչապետի կուսակցությունը հաղթել է
Քաղաքացին մարիխուանայով փաթեթը գցել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում
15:10
Դինա Տիտուսն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանը կներկայացնի Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ակտ

«Բուռնաշի», Ծառուկյանի, Գառնիկիչի «մտերիմ», դատախազի «ոստիկանության մայոր» խարդախ դուստրը դատապարտվել է

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գայանե Տաշչյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ:

Գայանեն մեղադրվում է խարդախությամբ մի քանի անձանց գումարները հափշտակելու, ինքնակամ պաշտոնատար անձի կոչում ու իշխանություն յուրացնելու, սուտ մատնություն կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 1-ին մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով, 333 հոդվածի 1-ին մասով և 317 հոդվածով:

Խարդախության հոդվածի բոլոր կետերով մարդկանց մոլորեցրած Գայանեն ներկայացել է որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից, ով հատուկ հանձնարարությամբ աշխատում է ՀՀ ոստիկանության «6-րդ վարչության» թրաֆիքինգի, «նարկոմանիայի ու պռաստիտուցիայի» գործերով զբաղվող բաժնում՝ որպես պետի տեղակալ, կոչումով՝ մայոր:

Նա հագել է ոստիկանության մայորի համազգեստ, օգտագործել է կեղծ վկայական: Ասելով, թե իր հայրը եղել է մարզի դատախազ, նա հայտարարել է, թե մտերիմ է հանրապետության հայտնի դեմքերի հետ, մասնավորապես՝ Աղվան Գառնիկի Հովսեփյանի, ում հետ հաճախ հանդիպում ու մտերիմ զրուցում է, Գագիկ Ծառուկյանի, «Բուռնաշի»՝ Աշոտ Աղաբաբյանի և այլոց հետ:

Նա ներկայացել է որպես նախկին դատախազ հայրիկի մեծ ժառանգության ժառանգորդ, ով Երևանում մի քանի տներ, մեծ քանակությամբ ոսկեղեն ունի, սակայն գաղտնի հանձնարարություն կատարելու պատճառով բնակվում է Արեշում գտնվող անհրապույր տանը:

Գայանե Տաշչյանը, ըստ գործի տվյալների, իր՝ հարուստ լինելու, ազդեցիկ կապեր ունենալու, ոստիկանության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու կեղծ տեղեկություններն օգտագործելով՝ մարդկանց գրավել է ու նրանց համար աննկատելի՝ նրանց ներքաշել է իր խարդախությունների մեջ՝ միաժամանակ նաև նրանցից հափշտակություններ է կատարել: Խաբվածները մտածել են, թե մեծ հնարավորությունների տեր կնոջ հետ գործ ունեն, նրա խնդրանքով որոշակի հարցերում «օգնել են» նրան՝ հույս ունենալով, թե իրենց խնդիրների դեպքում էլ կարող են օգտվել Գայանեի մեծ կապերից ու հնարավորություններից:

Ըստ մեղադրանքի՝ Գայանե Տաշչյանը ներկայացել է որպես ՀՀ ոստիկանության աշխատակից, քննիչ, կրել է ոստիկանության մայորի համազգեստ, օգտագործել է կեղծ վկայական՝ ինքնակամ յուրացրել է պաշտոնատար անձի կոչում և իշխանություն, ինչը զուգորդվել է դրանց հիման վրա այլ հանցավոր արարքներ կատարելու հետ:

2014 թվականի ապրիլին Գայանե Տաշչյանը վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ տուժող Արև Գ.-ից հափշտակել է 4 միլիոն 359 հազար դրամ:

2014 թվականի ամռանը նույն կերպ Գայանե Տաշչյանը տուժող Նարինե Վ.-ից հափշտակել է 1 միլիոն 15 հազար 175 դրամ, իսկ տուժող Օվչի Ա.-ից հափշտակել է 600 դոլար և 50 եվրո:

Բացի այդ՝ 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Գայանե Տաշչյանը ոստիկանության Էրեբունու բաժնում սուտ հաղորդում է տվել, թե իր ծանոթ Էդգար Ք.-ն իր երեխայի սրտի վիրահատության ու պարտքերը մարելու պատրվակով 2014 թվականի հուլիսի 27-ից 30-ը իրենից վերցրել է 2700 դոլար՝ 10 օրից վերադարձնելու պայմանով, սակայն իրեն խաբել ու գումարը չի վերադարձրել:

Տուժող Օվչի Ա.-ն Արարատի մարզի բնակիչ է: Ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում՝ իր ասելով՝ եղել է հատուկ կարևորության օբյեկտների պահպանության պետ:

Օրերից մի օր նա իր բարեկամներից մեկի հետ պատահաբար գնացել է Գայանե Տաշչյանի տուն:

Զրույցի ժամանակ ասել է ոստիկանության համակարգում աշխատած լինելու մասին: Գայանեն էլ ասել է, թե իր հայրը մարզի դատախազ է եղել:

Գայանեն Օվչիին սկսել է «հոպար» անվանել՝ նկատի ունենալով, որ Օվչին ու իր հայրը ժամանակինիրավապահ համակարգում են աշխատել:

Ապա Գայանեն ասել է, թե ինքը ոստիկանության մայոր է, ցույց է տվել պահարանում կախված համազգեստը՝ մայորի ուսադիրներով, ասել է, թե 6-րդ վարչությունում է աշխատում, գնում է բանտերն ու հարցաքննում է հանցագործներին:

Նա համակարգչի էկրանին ցույց է տվել լուսանկար, որտեղ ինքն էր՝ ոստիկանական համազգեստով՝ դիահերձարանում՝ դիակի կողքին՝ իբր՝ սպանության գործի քննության ժամանակ:

Գայանեն նույնիսկ ձայնագրություն է միացրել ու «հոպարին» ներկայացրել, թե ինքն ինչպես է հարցաքննում «հանցագործին»՝ «Ա՛յ տղա, դու ինձ ուրիշի տեղ չդնես, ես լավ քննող եմ»: Օվչին խորհուրդ է տվել ավելի մեղմ հարցաքննել…

Օվչին, իր ասելով, ուրախացել է, որ Գայանեն գնում է հոր հետքերով: Գայանեն խոսել է օրենքներից, իրեն դրսևորել է որպես իրավաբան…

Օվչին էլ իր հերթին մտածել է, թե Գայանեն մեծ կապեր ունի, ինքը ի դեմս նրա՝ օգտակար ծանոթ է ձեռք բերում…

Մի օր Գայանեն զանգահարել է Օվչիին ու արտասվելով հայտնել է, թե իր անմիջական պետի՝ «6-րդ վարչության թրաֆիքիկինգի, նարկոմանիայի ու պռաստիտուցիայի գործերով զբաղվող բաժնի պետի» դստրիկին շտապ սրտի վիրահատություն, ավելի ճիշտ՝ սրտի տրասնպլանտացիա է անհրաժեշտ: Արտասահմանից, իբր, 48 հազար դոլարով հայթայթել են սառեցրած սիրտ, որով պետք է փոխարինեն երեխայի հիվանդ սիրտը: Վիրահատության բոլոր ծախսերն արված են, մնացել է, որ 3 հազար դոլար էլ ճարեն, ու վիրահատությունը կկատարվի: Այդ գումարը, սակայն, չեն կարողանում ճարել և ամբողջ հույսը «հոպար» Օվչին է:

«Եթե ունենայի այդ գումարը, կտայի՝ երեխայի հետ կապված հարց էր, ես լավ ընտանիք ունեցող մարդ եմ, տղես էլ ավագանու անդամ ա»,- դատարանում ասաց տուժող Օվչին՝ մեկնաբանելով իր մերժումը:

Սակայն Գայանեն չի ընկրկել, նա սկսել է անընդհատ զանգել Օվչիին, հեկեկալ ու գումար խնդրել՝ խեղճ երեխային փրկելու համար. «Զանգը՝ զանգի հետևից, կես ժամը մեկ, մի ժամը մեկ՝ լացուկոծով երեք հազար դոլար էր խնդրում… Թույլ տվեք՝ Աստծու արևով երդվեմ… Կոպիտ ասած՝ նադայել էղա էդ զանգերից… Ինձ ասում էր՝ ես գիտեմ, դու խղճով, բարի մարդ ես…»,- ասաց տուժողը:

Որպեսզի Օվչին լիովին համոզվի, Գայանեն ասել է, որ նրան կզանգի նաև իր ղեկավարը՝ վիրահատվող երեխայի հայր Էդգար Ք.-ն:

Օվչիին իրոք զանգել է Էդգար Ք.-ն, ասել է, թե գումար է հարկավոր, խնդրում է՝ օգնել: Նա Օվչիին նույնիսկ տվել է իր «ծառայողական» հեռախոսահամարները:

Էլ ավելի մեծ վստահություն ձեռք բերելու համար Գայանեն «Բոչկա» սրճարանում Օվչիին ծանոթացրել է Էդգար Ք.-ի հետ:

Ամբողջ հանդիպման ընթացքում Գայանեն արտասվել է, իսկ Էդգարը տխուր է եղել…

Օվչին սկսել է ծանոթներից գումար հայթայթելու քայլեր կատարել: Եվ ահա մի օր իրենց գյուղի «տրուբաների տակը» հանդիպել է համագյուղացիներից մեկին, գումար է խնդրել մեկ շաբաթով. «Կարողա՞ փող ունենաս, մի քիչ պետք ա»:

Գյուղացին էլ ասել է, թե ձմռան պաշար գնելու փող ունի հետ գցած, բայց եթե յոթ-ութ օրում կվերադարձնեն, պատրաստ է այդ գումարը վստահել ու տալ: Նա Օվչիին է տվել 600 դոլար և 50 եվրո:

Օվչին անմիջապես զանգել է Գայանեին, ասել է, թե ինչքան գումար է ճարել: Գայանեն սկզբում ասել է, թե այդ գումարը քիչ է, վիրահատվող երեխայի ընտանիքին չի օգնի: Ու անջատել է հեռախոսը՝ հույս ունենալով, որ Օվչին կշարունակի նոր գումարներ հայթայթել: Բայց տեսնելով, որ նոր գումարներ չեն հայթայթվում, Գայանեն զանգել ու ասել է, որ պակասող գումարը հայթայթել են, մնում է վերցնեն նաև Օվչիի ճարած գումարը:

Օվչին զանգել է Էդգար Ք.-ին, վերջինս ասել է, թե ինքը քաղաքում չէ, գումարի հետևից Գայանեին կուղարկի՝ տաքսիով: Մեկ ժամվա ընթացքում Գայանեն մեքենայով հասել է Օվչիի գյուղ՝ «տրուբաների տակ», վերցրել է Օվչիի հայթայթած գումարը:

Մեկ ժամ անց Օվչիին զանգել է Էդգարը, ասել է, թե գումարը ստացել է, Օվչիից շատ շնորհակալ է:

Օվչին հաջորդող օրերին անընդհատ զանգել է Էդգարին ու Գայանեին, հարցրել է վիրահատության մասին, հետաքրքրվել է՝ երեխան ո՞ր հիվանդանոցում է, պատրաստակամություն է հայտնել հիվանդանոցում այցելել երեխային: Նրան ասել են, թե վիրահատությունը լավ է անցել, սրտի տրանսպլանտացիան կատարվել է, բայց այցելելու կարիք չկա: Գայանեն ասել է, թե երեխայի ապաքինումից հետո մատաղ են անելու, Օվչիին էլ նստեցնելու են սեղանի գլխին…

Երբ լրացել է խոստացված ութ օրը, Օվչին, իր տված գումարները չստանալով՝ սկսել է զանգել Էդգարին, բայց վերջինիս հեռախոսները չեն պատասխանել: Օվչին զանգել է Գայանեին, ով մեկընդմեջ պատասխանել ու գումար վերադարձնելու պատասխանատվությունը գցել է Էդգարի վրա:

Օվչին մի քիչ էլ համբերել ու սկսել է ավելի անհանգստանալ: Նա գնացել է Գայանեի տուն, պնդել է, որ իր գումարը վերադարձնեն:

Մի օր էլ Օվչիին մի տղամարդ է զանգել, ներկայացել է որպես Էդգարի հայր՝ Արաբկիրի դատախազ, ասել է, թե գումարը ինքը տվել էր որդուն, որ վերադարձնեն Օվչիին, բայց «լակոտը» այդ փողը «լրբերի» հետ ծախսել ու չի վերադարձրել: «Խեղճ հայրը» խոստացել է, որ անպայման գումարը կվերադարձնի, թող Օվչին մի քիչ էլ համբերի…

Սակայն ի վերջո Օվչին, համոզվելով, որ փողը չեն վերադարձնում, որոշել է բողոքել: Գնացել է Գայանեի տուն, վճռական կերպով ասել է, թե գնալու է ոստիկանություն: Գայանեն զանգել է Էդգարին, հեռախոսը փոխանցել է Օվչիին: Երբ վերջինս ասել է, թե գնում է ոստիկանություն՝ բողոքելու, Էդգարն ասել է, թե ինքը ոչ մի գումար չի վերցրել, գումար վերցնողը՝ Գայանեն, նստած է Օվչիի կողքին, Օվչին կարող է գնալ բողոքելու, ինքը վախենալու բան չունի…

Եվ Օվչին գնացել է ոստիկանություն: Մենակ չի գնացել…

Գայանեի «մարտավարության» հետաքրքիր կողմն այն է, որ նա էլ Օվչիի հետ գնացել է ոստիկանության Էրեբունու բաժին ու գրավոր հաղորդում է տվել, թե Էդգարն իրեն խաբել ու իրենից 2700 դոլար է վերցրել՝ երեխայի սիրտը վիրահատելու պատրվակով, ու չի վերադարձնում…

Հետագայում պարզվել է, որ Գայանեն կատարել է սուտ մատնություն…

Երբ գործը մտել է դատարան, Գայանեի ամուսին Հակոբը Օվչիին է վերադարձրել 600 դոլար և 50 եվրո գումարը՝ պայմանով, որ Օվչին դատարան ներկայանա ու գրի, թե Գայանեից բողոք, պահանջ չունի: Օվչին էլ ներկայացել ու գրել է:
Սակայն երբ դատարանում հրապարակեցին նրա նախաքննական ցուցմունքը, երկար տարիներ ոստիկանության համակարգում աշխատած Օվչին, հասկանալով, որ դատարանում սուտ ցուցմունք տալու համար կարող է պատասխանատվության ենթարկվել, ասաց, թե նախաքննական ցուցմունքն է ճիշտ, իսկ այնտեղ գրված էր, թե Գայանեն ինչպես է ներկայացել որպես ոստիկանության մայոր, ինչպես է մոլորեցրել Օվչիին…

Գայանեի վարկածով՝ Էդգար Ք.-ն պիտի նստած լիներ ամբաստանյալի աթոռին: Բայց քննությամբ հաստատվել է, որ Էդգարը նույնպես Գայանեի ցանցի մեջ ընկածներից է: Ու նրա հայրը բոլորովին էլ դատախազ չէ…

33-ամյա Էդգարը դատարանում հայտնեց, թե Գայանեի հետ ծանոթացել է համացանցի «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով: Շփվել են, հեռախոսահամարներ են փոխանակել: Մի օր Էդգարին մի տղամարդ է զանգել, ներկայացել է որպես Լևոն՝ Գայանեի նախկին ամուսին: Նա կոպիտ տոնով է խոսել ու պահանջել է, որ Էդգարը Գայանեի հետ գործ չունենա:

Գայանեն իր հերթին Էդգարին ասել է, թե ամուսնալուծված է, Լևոնն իր նախկին ամուսինն է: Նա իր հետ ամուսնացել է՝ իմանալով, որ իր հայրը դատախազ է՝ շատ ունևոր մարդ: Բայց, ըստ Գայանեի, հորը իր աչքի առաջ սպանել են: Հոր քառասունքի օրը Լևոնն ասել է՝ եթե հերդ չկա, ես քեզ հետ գործ չունեմ: Ու լքել է Գայանեին… Սակայն շարունակում է հետևել ու սպառնալ, որ ոչ ոքի հետ գործ չունենա: Անգամ՝ գտնվելով Ռուսաստանում, նախկին կնոջը հանգիստ չի տալիս…

Լևոնը Էդգարին զանգել ու ասել է, թե ինքը Ռուսաստանում է, կգա, կհանդիպի ու կխոսի նրա հետ:

Գայանեն իր հերթին Էդգարին ասել է, թե ինքը վախենում է Լևոնից, նա խնդրել է, որ Էդգարը… պաշտպանի իրեն:

Մի օր էլ Լևոնը զանգել է Էդգարին, ասել է, թե Ռուսաստանից եկել է: Պայմանավորվել են հանդիպել Երիտասարդական մետրոյի մոտ: Էդգարը գնացել է հանդիպման, բայց Լևոնը չի ներկայացել: Փոխարենը զանգել է Գայանեն, լաց լինելով ասել է, թե Լևոնն իր տանն է, «ծեծում-ջարդում է» իրեն:

Էդգարը գնացել է Գայանեի տան մոտ, ասել է՝ թող Լևոնը իջնի՝խոսենք: Բայց Գայանեն ասել է, թե Լևոնը արդեն գնացել է: Իբր՝ նա «Լեքսուս» մեքենայով է: Էդգարն ու ընկերը շրջապատում փնտրել են «Լեքսուս» մեքենա ու Լևոնին, բայց չեն գտել:

Հաջորդ օրը Գայանեն նորից լացելով զանգել է Էդգարին, ասել է, թե Լևոնը գնացել է իր տուն ու իր «վենեքը փրթել է»:

Էդգարն առաջարկել է դիմել ոստիկանություն: Բայց Գայանեն չի ցանկացել: Չէ՞ որ նա ներկայացել էր Էդգարին որպես Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակից, ով հատուկ ու գաղտնի առաջադրանքով ծառայում է ՀՀ ոստիկանությունում՝ մայորի կոչումով…

Էդգարն այդ օրն էլ է գնացել Գայանեի տան մոտ, բայց Գայանեն թույլ չի տվել, որ նա բարձրանա: Հետագայում նա Էդգարին ցույց է տվել դաստակների քերծվածքներ՝ իբր Լևոնի «փրթած վենեքի» տեղը…

Լևոնը պարբերաբար զանգել է Էդգարին, պահանջել՝ կնոջիցս հեռու մնա: Բայց Էդգարին այդպես էլ մինչև վերջ չի հաջողվել հանդիպել այդ Լևոնին:

Մի օր էլ Լևոնը զանգել ու ասել է, թե իրեն առևանգել են: Առևանգողն էլ, իբր, «Բուռնաշն» է, առևանգված Լևոնը, իբր, ստադիոնում է:

Նույնիսկ Լևոնի հեռախոսահամարով Էդգարի հետ «խոսել է անձամբ՝ Բուռնաշը՝ ասելով, թե ինքը Լևոնի հետ կապված հարցը կլուծի»: Էդգարը հետո է հասկացել, որ հեռախոսով խոսել է «դերակատարների» հետ…

Հետագայում է Էդգարն իմացել, որ Գայանեն նախկին ամուսին Լևոն չի ունեցել, ամուսնալուծված չէ, այլ ամուսնացած է, նրա 12 տարվա ամուսինը Հակոբն է… Էդգարը վերհիշել է, որ Լևոնը կասկածելի ձայն ուներ՝ կիսատղամարդկային-կիսականացի…

Էդգարի հետ հեռախոսով ու իրական հանդիպումների ժամանակ խոսել, չեղած Լևոնի քույր է ներկայացել գործով տուժող Արև Գ.-ն, ով Գայանեի խնդրանքով ներքաշվել է նրա խարդավանքների մեջ ու միաժամանակ տասը հազար դոլար կորցրել՝ դառնալով այս գործով տուժողներից մեկը…

Գայանեն Էդգարին ասել է, թե ինքը շատ հարուստ է, Երևանում բազմաթիվ տներ ունի, շատ հաճախ հանդիպում ու մտերմիկ զրուցում է Աղվան Հովսեփյանի, Գագիկ Ծառուկյանի, «Բուռնաշի» ու այլոց հետ: Նա ասել է, թե ռուսաստանյան իր ղեկավարները գալիս են Երևան, ինքը նրանց հետ հանդիպում է «Մարիոտ»-ում: Իբր՝ օրինական ճանապարհով Հայաստանից կարմիր սնդիկ են դուրս բերելու և մոտ օրերս ինքը հսկայական գումար պիտի ստանա…

Էդգարը, իր ասելով, այն ժամանակ աշխատել է «Միջազգային ոստիկանություն» հասարակական կառույցում, ոստիկանական համազգեստ էր հագնում, կոչումով կապիտան է եղել…
Պատահել է, որ Էդգարը Գայանեին նրա մատնահարդարի մոտից տուն է տարել՝ Գայանեն եղել է մայորի համազգեստով: Պատահել է, որ Էդգարի մեքենան կանգնեցրել է ճանապարհային ոստիկանը, համազգեստով Գայանեն նկատելիորեն նյարդայնացել է, ինչը սկզբում զարմացրել է Էդգարին, հետո կասկածելի է թվացել: Գայանեն իր անհանգստությունը բացատրել է իր՝ գաղտնի առաջադրանք կատարելու հանգամանքով:

Մի օր Գայանեն Էդգարին պատմել է, թե հոր ընկերը, ում ինքը «հոպար» է ասում՝ ազգությամբ եզդի Օվչին, միշտ իրեն գումար է տալիս, ու երբ ինքը ուզում է գումարը վերադարձնել, նա չի վերցնում: Հիմա, իբր, իրեն գումար է անհրաժեշտ յոթ-ութ օրով, բայց ինքը չի ուզում «հոպարին» ասել, թե գումարն իրեն է պետք, չէ՞ որ «հոպարը» գումարը անվերադարձ կտա:

Գայանեն խնդրել է, որ Էդգարն ասի, թե գումարն իրեն է պետք: Էդգարը համաձայնել է:

Միայն Օվչիի հետ «Բոչկա» սրճարանում հանդիպելուց վայրկյաններ առաջ է Գայանեն ասել, թե ներկայացրել է՝ իբր Էդգարի երեխային սրտի վիրահատություն պիտի անեն, գումարը դրա համար է պետք:

Ըստ Էդգարի՝ այդ պատրվակից ինքը շատ վատ է զգացել՝ շոշափվել է երեխայի անուն, իր համար դա շատ անցանկալի էր, բայց Գայանեն վերջին պահին է ասել, ինքը չի կարողացել հակառակվել: Գայանեն շատ է խնդրել, որ օգնի: Ինքն էլ օգնել է՝ ծանոթացել է Օվչիի հետ, ասել է, որ գումար է պետք, խնդրել է, որ նա օգնի: Ու շտապել է հեռանալ՝ վատ զգալով իրեն:

Երբ Օվչին զանգել ու ասել է, որ գումար է հայթայթել, Էդգարը զանգել է Գայանեին: Վերջինս գնացել, վերցրել է գումարը, հետո զանգել է Էդգարին ու խնդրել է, որ նա զանգի «հոպարին», ասի, թե գումարը ստացել է ու շատ շնորհակալ է՝ որպեսզի «հոպարը» հաստատ իմանա, որ գումարը ոչ թե Գայանեի, այլ Էդգարի համար է… Որպեսզի հետագայում… չհրաժարվի գումարը վերցնելուց…

Էդգարն ասաց, թե ինքը համոզված էր՝ Գայանեն յոթ-ութ օրից կվերադարձնի Օվչիի գումարը: Մի քանի օրից նա իրեն այդպես էլ ասել է՝ «հոպարի» փողը վերադարձրի:

Բայց հետո Օվչին սկսել է զանգել, գումարը պահանջել: Կամաց-կամաց ի հայտ են եկել Գայանեի ստերը…

Իսկ երբ Օվչին զանգել ու ասել է, թե գնում է ոստիկանություն՝ բողոքելու, Էդգարն ասել է՝ շատ լավ ես անում, գնա, փող վերցնողը քո կողքին է…

Այս բազմադրվագ գործով առաջադրված մեղադրանքներն ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է գնահատել և Գայանե Տաշչյանին դատապարտել է վերջին հաշվով՝ 5 տարի ազատազրկման:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել ամբաստանյալ Գայանե Տաշչյանը: Նրա պահանջը կատեգորիկ էր՝ բեկանել մեղադրական դատավճիռը, կայացնել արդարացման դատավճիռ ու հռչակել իր անմեղությունը:

Վերաքննիչ քրեական դատարանը ամբաստանյալի վերաքննիչ բողոքը մերժեց՝ անփոփոխ թողնելով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Գայանեի խափանման միջոցը ստորագրությունն է չհեռանալու մասին: Նա կալանքի տակ կառնվի, երբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը օրինական ուժ ստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում