ԱՄՆ-ից պարաշյուտիստ Լյուկ Այքինսը պատրաստվում է 7.6 կմ բարձրությունից ցատկել առանց պարաշյուտի կամ այլ տեխնիկական միջոցների՝ բացառապես GPS նավիգատորով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
42-ամյա սքայդայվերը, որը կատարել է 18 հազար ցատկ, շաբաթ օրը կցատկի ինքնաթիռից և կփորձի վայրէջք կատարել չորս ամբարձիչների միջոցով ձգված ցանցի վրա, որի չափերը չեն գերազանցում ֆուտբոլի դաշտի մեկ երրորդը: Փրկարարական ցանցը ձգված կլինի մոտ 20 հարկի բարձրությամբ:
Ուշագրավ է, որ փորձերի ժամանակ բարձրությունից և մոտ 200 կմ/ժ արագությամբ նետված մանեկեններից մեկը ցանցը ծակել է էքստրեմալի աչքի առաջ:
Երկու րոպե տևողությամբ թռիչքը կհեռարձակվի Fox News հեռուստաալիքի ուղիղ եթերում:
Այքինսը տարեկան կատարում է միջինը 800 ցատկ: Նա մարզել է շատ պարաշյուտիստների և նույնիսկ կասկադյորական հնարքներ է կատարել «Երկաթե մարդը 3» ֆիլմում: