Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը նախազգուշացրել է Թուրքիայի կառավարությանը մահապատժի վերականգնման առնչությամբ։ Դա «չի համապատասխանում ԵՄ հիմնական արժեքներին»,- հայտարարել է նա Շվերինում քաղաքացիական ֆորումի ժամանակ՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Դա չի կարող քննարկման առարկա լինել»,- ասել է Շտայնմայերը՝ նախազգուշացնելով, որ մահապատժի վերականգնումը Թուրքիայում կնշանակի ԵՄ-ին երկրի անդամակցության բանակցությունների ավարտ։ Նա հայտնել է, որ մտադիր է քննարկել այդ հարցը իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ։
Միևնույն ժամանակ Շտայնմայերը Անկարային կոչ է արել պահպանել իրավական պետության սկզբունքները պետական հեղաշրջման փորձից հետո միջոցառումներ ընդունելիս։ Նրա խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թուրքիայում, «չափազանց հեռուն է գնում»։