Հնագույն պահարանը, որն իր ժամանակին պատկանել է Հռոմի պապ Պավել V-ին, Մեծ Բրիտանիայի թագավոր Գեորգ IV-ին և թագուհի Եղիսաբեթ II-ին, պլանավորվում է վաճառվել Փարիզի 2016 թվականի սեպտեմբերի 20-ի աճուրդում, հայտնում է Bloomberg-ը:
Պահարանի բարձրությունը կազմում է 1.8 մետր: Այն պատրաստված է սև փայտից և զարդարված է քարերով ու բրոնզով:
Պահարանը սկզբում պատկանել է Հռոմի պապ Պավել V-ին, ով նախաձեռնել է Գալիլեո Գալիլեի դեմ ինկվիզիցիոն գործընթացը, ապա անցել է նրա ժառանգներին: 1827 թվականին այն տեղադրել են Մեծ Բրիտանիայի Գեորգ IV թագավորի Վինձորի ամրոցում: 13 տարի անց այն տեղափոխվել է Բուքինգհեմյան պալատ, իսկ 1959 թվականին Եղիսաբեթ II թագուհին այն վաճառել է Christie’s աճուրդի տան միջոցով: Պահարանը բաժին է հասել ֆրանսիացի բիզնեսմենին, որի որդին էլ կես դար անց որոշել է այն վաճառել:
Փորձագետներն առարկայի արժեքը գնահատել են 2 միլիոն եվրո կամ 2.2 միլիոն դոլար: