17 երկրի առնչվող ձգձգված հակամարտությունները հանգեցրել են նրան, որ 56 մլն մարդ հայտնվել է «սննդամթերքի և ապրուստի միջոցների սուր ճգնաժամի կամ հումանիտար արտակարգ իրավիճակում»: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և Պարենի համաշխարհային ծրագրի համատեղ մամլո հաղորդագրության մեջ:
Հրապարակված տվյալներով՝ երկրների ցուցակը, որտեղ պարենային անվտանգությունը ենթարկվում է բացասական ազդեցության շարունակվող հակամարտության պատճառով, գլխավորում են Եմենը և Սիրիան:
Այսպես, ՄԱԿ-ի տվյալներով՝ Եմենում երկրի բնակչության կեսից ավելին՝ 14 մլն մարդ, սննդամթերքի սուր ճգնաժամի վիճակում կամ հումանիտար արտակարգ իրավիճակում են: Սիրիայում շտապ պարենային օգնության, սննդանյութերի և գոյության միջոցների կարիք ունի բնակչության 37%-ը:
Սուր իրավիճակ է նաև Հարավային Սուդանում և Սուդանում, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում, Կոլումբիայում, Բուրունդիում, Հաիթիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Գվինեա-Բիսաուում, Կոտ դ’Իվուար ում, Լիբերիայում, Մալիում, Սոմալիում, Լիբանանում, Իրաքում և Աֆղանստանում: