Հուլիսի 17-ից հետո բացառիկ իրավիճակ է ստեղծվել Հայաստանի Հանրապետությունում, և փաստաբան Նորայր Նորիկյանի համոզմամբ՝ հանիրավի սահմանափակվում են ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավունքներ և ազատություններ, մասնավորապես՝ ազատ տեղաշարժի, հավաքների ազատության, լրագրողների և փաստաբանների մասնագիտական աշխատանքի և այլն:
«Սա մարտահրավեր է ընդհանրապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը: Իմ կարծիքով՝ խաթարվել է իրավակարգի կարգն ամբողջությամբ, և իրավապահ մարմինները ցուցաբերում են ոչ իրավաչափ գործունեություն»,- վստահ է փաստաբանը:
Նրա խոսքով՝ անկախ ամեն ինչից՝ Հայաստանի Հանրապետությունում պետք է գործեն օրենքները, և այդ օրենքների գործադրմամբ հնարավոր կլինի հաղթահարել ստեղծված ճգնաժամը. «Եթե իրավասու մարմինները մի խմբի գործունեությունը համարում են ապօրինի, դա չի արդարացնում կամ իրենց թույլ տալիս, որ իրենք էլ դիմեն ապօրինի գործողությունների»:
Փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ այս պատճառով իրենք որոշել են ստեղծել փաստահավաք առաքելությամբ զբաղվող մասնագետների խումբ, որը կամփոփի բոլոր իրավախախտումները և դրանցից ելնելով՝ կդիմի համապատասխան իրավասու մարմիններին դրանց ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու: