Աշխարհի խոշորագույն սոցցանցի՝ Facebook-ի բաժնետոմսերի գինը ամերիկյան NASDAQ բորսայում աճել է 4 տոկոսով՝ հասնելով մեկ բաժնետոմսի դիմաց 128.33 դոլարի՝ ընկերության ֆինանսական հաշվետվության ուժեղ տվյալների ֆոնին։
Reuters գործակալությունը նշում է, որ բաժնետոմսերի գնի հասնելը ռեկորդային մակարդակի մեծացնում է ընկերության շուկայական արժեքը 14 մլրդ դոլարով՝ հասցնելով այն 367 մլրդ դոլարի։ Այսպիսով Facebook-ն այժմ ավելի թանկ արժե, քան Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway ներդրումային կորպորացիան, որը շուկայական արժեքով 5-րդ տեղն է զբաղեցնում ամերիկյան ընկերությունների շարքում։
Գործակալության տվյալներով՝ առնվազն 20 բրոքերային ընկերություն բարձրացրել են Facebook-ի բաժնետոմսերի միջին կանխատեսվող գինը՝ հասցնելով մեկ արժեթղթի դիմաց 150 դոլարի։
Համաձայն Facebook-ի ֆինանսական հաշվետվության՝ նրա զուտ շահույթը 2016-ի առաջին կեսի արդյունքներով մեծացել է 2.89 անգամ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 3.565 մլրդ դոլար։