ԴԱԻՇ ահաբեկական խմբավորումը կիրառում է միայնակ գրոհայինների՝ եվրոպական երկրների իրավապահ մարմինների ուշադրությունը խոշոր ահաբեկչությունների կանխումից շեղելու համար։ Այս մասին գրում է Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին և անվտանգության ոլորտի փորձագետներին։
Ինչպես նշում է թերթը, դեպքերի մեծ մասում նման ահաբեկչություններն իրականացվում են «ոչ պրոֆեսիոնալ»՝ առանց հատուկ նախապատրաստության, գործում են միայնակ կամ երկուսով և թիրախավորում մարդկանց ոչ մեծ խմբի։
Պարբերականի աղբյուրներից մեկը նշել է, որ միայնակ գրոհայինները ոչ միայն ոգևորվում են ԴԱԻՇ-ի կոչերից, այլև գործում խմբավորման ծրագրած սցենարով։
Նման փոքր հարձակումները կարող են շուտով Եվրոպայի համար դառնալ ամենօրյա՝ նախազգուշացնում են եվրոպացի և ամերիկացի պաշտոնյաները։ Սակայն դա չի նշանակում, որ ԴԱԻՇ-ը հրաժարվել է լայնածավալ ահաբեկչություններից։
Փորձագետների տվյալներով՝ ԴԱԻՇ-ը կարողացել է Եվրոպայում ստեղծել մի ամբողջ ենթակառուցվածք, որը թույլ է տալիս ահաբեկիչներին ազատ տեղաշարժվել մայրցամաքով, և Մերձավոր Արևելքից գրոհայիններ ուղարկելու ուղիներ է հաստատել։