Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վավերացրել է Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) նիստի որոշումները։
Չանքայա վարչապետական նստավայրում անցկացված YAŞ-ի նիստը, որը տևել է 5.5 ժամ, նախագահել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը։
Էրդողանի մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ YAŞ-ի որոշումներով իր պաշտոնը պահպանել է Գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը։
Բացի այդ, զբաղեցրած պաշտոնները պահպանել են ցամաքային զորքերի հրամանատար Սալիհ Զեքի Չոլաքը, ռազմաօդային ուժերի հրամանատար, բանակի գեներալ Աբիդին Ունալը և ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Բյուլենթ Բոսթանօղլուն։
Ժանդարմերիայի հրամանատար Գալիփ Մենդին չի պահպանել իր պաշտոնը, նրան այդ պաշտոնում փոխարինել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը։ Իսկ ահա Գլխավոր շտաբի պետի տեղակալ է դարձել 1-ին բանակի հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդարը։