Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Էֆքան Ալան ուղիղ եթերում հայտարարել է, որ ոստիկանությունը կստանա ծանր սպառազինություն:
Նա հիշեցրել է, որ ոստիկանությունը նախկինում նույնպես ունեցել է ծանր սպառազինություն: Ալան վստահեցրել է, որ այդ ամենը կնպաստի երկրի անվտանգության ապահովմանը:
Նախարարը հիշեցրել է, որ 1960, 1971, 1980, 1998 թվականներին Թուրքիայում իրականացվել են ռազմական հեղաշրջումներ, և համոզմունք է հայտնել, որ ոստիկանության կողմից ծանր սպառազինություն ունենալը կնպաստի նրան, որ այսուհետ Թուրքիայում չկրկնվեն նման իրադարձություններ, որոնք զգալի վնաս են պատճառել երկրին:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ ՆԳՆ-ին ամբողջովին ենթարկեցվել են Ժանդարմերիան և առափնյա անվտանգությունը, որոնք պատերազմական ժամանակ ենթարկվում էին Գլխավոր շտաբին:
Բացի դրանից՝ հաղորդվել էր, որ հրթիռային համակարգերը կպաշտպանեն Թուրքիայի նախագահական ու վարչապետական նստավայրերը, խորհրդարանի շենքերը, որոնք հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ ենթարկվել են զինված հարձակումների: