Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը կարծում է, որ պետք է լրջորեն մտածել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման մասին և դիմել ՆԱՏՕ անդամ պետություններին նրանցից սպառազինություններ ստանալու խնդրանքով:
«Անկախ ամեն ինչից` Հայաստանի ՆԱՏՕ-ի հետ ունեցած հարաբերությունները Հայաստանի անվտանգության ապահովման կարևոր բաղադրիչն են, որոնք պետք է ոչ միայն շարունակել,այլև ընդլայնել ևխորացնել»-ասաց նա:
Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ հուլիսի 8-9-ը Վարշավայում կայացած գագաթնաժողովում ՆԱՏՕ անդամ երկրները արտահայտեցին իրենց հստակ դիրքորոշումը Ռուսաստանի վերաբերյալ:
«Նրանք հասկացան, որ Ռուսաստանը ոչ միայն խախտում է միջազգային, համաեվրոպական անվտանգության սկզբունքները և վտանգ ներկայացնում հարևանների համար, այլև փորձում է հաստատել խաղի իր կանոնները, որոնք անընդունելի են լինելու ՆԱՏՕ-ի համար: Իմ կարծիքով՝ Ռուսաստանի ղեկավարությունը պետք է երեք հետևություն անի Վարշավայի գագաթնաժողովից՝ շահելն անհնար է, չկորցնելը՝ ևս, խաղից դուրս գալը նույնպես անհնար է»,-եզրափակել է Դավիթ Շահնազարյանը: