Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին հայտարարել է, որ Վրաստանի ճանապարհներին տեղադրված տեսախցիկների մոտավորապես 30 տոկոսն աշխատում է անորակ կամ էլ ընդհանրապես չի աշխատում:
Նա հավելել է, որ երկրի մասշտաբով արդեն իսկ անցկացվել է տեսախցիկների վերահաշվարկ և ստացված արդյունքների հիման վրա քայլեր են ձեռնարկվում նոր տեսախիցկներ ձեռք բերելու ուղղությամբ.
«Նոր տեսախցիկներն ունենալու են անալիզատոր, որը կֆիքսի խախտումները: Դրանով իսկ նվազագույնի կհասցվի այն բանի հնարավորությունը, որ ինչ-որ մեկը կխախտի երթևեկության կանոններն ու չի տուգանվի:
Տվյալ ծրագրի հնարավորություններից մեկն այն է, որ հաշվարկվում է երկու տեսախցիկների միջև հեռավորությունը և այն հեռավորությունը, որը վարորդը պետք է հաղթահարի միջին արագության դեպքում:
Այսինքն, եթե ավտոմեքենան արագությունը նվազեցրել է տեսախցիկի մոտ, իսկ հետո մեծացրել է արագությունը և վերստին արագությունը նվազեցրել է երկրորդ տեսախցիկի մոտ, ապա միևնույն է՝ այդ ամենը ֆիքսվելու է: Ինչ վերաբերում է տեսախցիկների միջև հեռավորությանը, ապա այն լինելու է ռացիոնալ»: