Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը «Ճանապարհ դեպի Ռիո» նախագծում ներկայացնում է Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին:
Մեր նախագծի հաջորդ հերոսը ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Ռուբեն Ալեքսանյանն է: Նա ծնվել է 1990 թվականին, իսկ ծանրամարտով զբաղվում է 7 տարեկանից: Ալեքսանյանի՝ ծանրամարտով զբաղվելու որոշման վրա իր մեծ ազդեցությունն է թողել հայրը, ով ժամանակին զբաղվել է ծանրամարտով: Ռուբենը սովորում է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: Մեր նկարահանումների ժամանակ Ռուբենը առանձնացավ իր զսպվածությամբ:
–Խաղերին ի՞նչ թալիսման ես հետդ տանելու:
-Ունեմ թալիսման, բայց չեմ ասի, թե այն ինչ է:
–Ու՞մ կուզեիր կողքիդ կամ հանդիսատեսի շարքում տեսնել:
-Երբ մրցահարթակ ես բարձրանում, էլ ոչ մեկին չես տեսնում:
–Ո՞ւմ հետ ես առաջինը կիսելու հաջողությունդ:
-Կարծում եմ ընկերներիս, մարզչական կազմի հետ:
–Ինչպե՞ս կուզես, որ հիշվեն այս Օլիմպիական խաղերը:
-Ռիոյի խաղերը ուզում եմ հիշել, որպես պատմության մեջ հետք թողած:
–Նկարագրիր Օլիմպիական խաղերը երեք բառով:
-Մեկ բառով կասեմ՝ մեծ աշխատանքի գագաթնակետ: