Այսօր Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ ապրիլի վերջին լրագրող Սիրանույշ Պապյանի՝ ընդդեմ ոստիկանապետի հայցի քննությունը: Լրագրողը դիմել է դատարան՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման պահանջով:
Մասնավորապես, նա պահանջում է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել՝ ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ, 87-րդ և 88-րդ հոդվածներով:
Հիշեցնենք, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասել է, մասնավորապես, թե նրանք «դեղնում, գունաթափվում» են, իսկ Սիրանույշ Պապյանի դիտարկմանն էլ, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, հակադերձել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։
Հայցվոր կողմի ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Ասատրյանը միջնորդություն է ներկայացրել դատարանին` հայցի հիմքի առարկայի լրացում կատարելու համար:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին: