ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից օրերս իրեն վերագրված հայտարարությունը:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրները տրամադրել են Սերգեյ Լեբեդևի` ՀՀ ԱԳՆ-ի հարցմանն ի պատասխան ուղարկված պարզաբանումը, որտեղ ԱՊՀ գործադիր քարտուղարը մասնավորապես նշել է հետևյալը. «Ցանկանում եմ Ձեզ պաշտոնապես տեղեկացնել, որ մի շարք տեղեկատվական գործակալությունների կողմից ներկայացվող խոսքերը` «Մենք քննարկում ենք օկուպացված տարածքների ազատագրման, Ադրբեջանի ու Նախիջևանի, Հայաստանի ու Ղարաբաղի միջև միջանցքի ստեղծման հարցը», իրականությանը չեն համապատասխանում»:
Սերգեյ Լեբեդեևը նշել է, որ Ադրբեջանում եղած ժամանակ ինքն ընդգծել է, որ ի պաշտոնե չի մասնակցում բանակցային գործընթացին ու դրա մանրամասներին տեղյակ չէ, ինչի մասին հաղորդել են նաև մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ:
Նշենք, որ նշված տեղեկատվությունը տարածել էին ադրբեջանական մի շարք լրատվական գործակալություններ: