Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ղրղըզստանի ԱԳՆ-ը ոչ կոռեկտ է որակել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հայտարարությունը, որն առնչվել է իբրև թե Ֆեթուլլահ Գյուլենի հիմնադրամի կողմից Ղրղըզստանում գտնվող կրթական հիմնադրամների գործունեությանը:
Չավուշօղլուն, երեկ ելույթ ունենալով ժողովրդավարության աջակցությանը նվիրված ակցիայի ժամանակ, Ղրղըզստանի իշխանություններին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների հանդեպ:
Չավուշօղլուի խոսքերով՝ Գյուլենի բանդան ամենահզորներից մեկն է Ղրղըզստանում, և եթե վերջինս չփոխի իր դիրքորոշումը նրա հանդեպ, ապա Թուրքիան կվերանայի Ղրղըզստանի հանդեպ դիրքորոշումը:
Թուրքիայի արտգործնախարարը Ղրղըզստանի իշխանություններին կոչ էր արել միջոցներ ձեռնարկել երկրում գործող մասնավոր դպրոցների դեմ, որոնք իբրև թե ֆինանսավորվում են Գյուլենի հիմնադրամների կողմից:
Ղրղըզստանի ԱԳՆ-ն այդ կապակցությամբ հայտարարել է, որ ըմբռնումով է մոտենում Թուրքիայի պաշտոնատար անձանց մտահոգություններին, սակայն դրա հետ մեկտեղ ցանկանում է հիշեցնել, որ Ղրղըզստանն առաջին հերթին անկախ, ինքնիշխան երկիր է, որն ինքն է որոշում, թե ինչն է իր համար լավ, ինչը՝ վատ:
Ղրղըզստանի ԱԳՆ-ն ոչ կոռեկտ է համարել այն, որ որևէ այլ երկրի արտգործնախարար մյուս երկրին մատնացույց է անում այս կամ այն գործողությունը ձեռնարկելու անհրաժեշտության մասին, ընդ որում՝ դա անում է վերջնագրերի ու շանտաժի լեզվով: