«Մեր խորհրդարանի տղամարդիկ որքան էլ թերություններ ունենան, այնքան խելամտություն ունեն, որ որևէ ոտնձգություն չկատարեն խորհրդարանում ներկայացված 12 կին պատգամավորների նկատմամբ: Մենք` կանայքս, խորհրդարանում մեզ պաշտպանված ենք զգում»,- նկատեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը ևս համաձայն էր տիկին Բախշյանի հետ և «արական քաղաքական մշակույթ» ունեցող երկրի տղամարդ պատգամավորներից բողոքելու առիթ չուներ:
Լիլիթ Գալստյանի կարծիքով, կանայք այսօր քաղաքականության մեջ ներգրավված են հիմնականում ձևականորեն. «Կուսակցությունները կանանց ներգրավում են, որպեսզի ապահովեն ընտրական օրենսգրքի պահանջը՝ ընտրական ցուցակում կանանց ներգրավվածության15 տոկոսը: Եվրոպական երկրներում կուսակցական ցուցակի յուրաքանչյուր չորրորդը կին է, մենք պիտի հասնենք այդ արդյունքին»։