Կենսաթոշակային կուտակային համակարգը կազմված է երկու ենթահամակարգերից` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգ: Կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվելու է եկող տարվա հունվարի 1-ից: Իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվելու է 2014 թվականի հունվարի 1-ից և պարտադիր է լինելու այդ պահին մինչև 40 տարեկան բոլոր աշխատողների համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիս ժամանակ հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը: Հարցին, թե ինքը կմիանա՞ արդյոք եկող տարվա կամավոր կենսաթոշակային կուտակային համակարգին (այստեղ պարտադրանք չկա), Ա. Ասատրյանը պատասխանեց, թե դեռ ժամանակ կա դրա վերաբերյալ որոշում կայացնելու: «Կարծում եմ՝ 2011 թվականին հնարավորություն կունենամ նման որոշում կայացնելու»,- ասաց փոխնախարարը: