Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը չի հստակեցնում՝ առաջիկայում ակտիվ քաղաքականության մեջ իրեն տեսնո՞ւմ է։
Հիշեցնենք, որ Աբրահամյանը ավելի վաղ հայտարարել էր 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, նոր կուսակցություն ստեղծելու հնարավորության մասին։ Այսօր, սակայն, իր գլխավորած «Ազգային միասնություն» շարժման կազմակերպած ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ այդ հարցին ավելի ուշ կպատասխանի։
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե Աբրահամյանը հնարավոր է միանա Վարդան Օսկանյանի նախաձեռնած «Համախմբում» կուսակցությանը։ Այդ հարցն այսօր ՌՀՄ նախագահը ևս չհստակեցրեց՝ ընդգծեց միայն, որ առաջիկայում «Համաշխարհային կոնգրեսի» շրջանակներում ֆորումներ են պատրաստվում անցկացնել։
Աբրահամյանն ավելի վաղ հայտարարել էր նաև, որ կուսակցություն ստեղծելու համար կհանդիպի նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Այսօր Աբրահամյանը, սակայն հերքեց նախկինում արած իր այդ հայտարարությունը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն հանգամանքին, որ Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, Աբրահամյանն ասաց, որ այդ մասին խիստ ելույթ է ունեցել։