Ներգրավել օտարերկրյա ներդրումներ Հայաստանում: Այս նպատակը շարունակում է մնալ Հայաստանի կառավարության առաջնահերթություններում: Նպատակի շուրջ կառավարությանն աջակցում է նաև Եվրոպական բիզնես ասոցիացիան: Ասոցիացիայի ղեկավար Դիանա Սուրամովան, խոսելով օտարերկրացի և մասնավորապես եվրոպացի ներդնողների համար հայաստանյան նպաստավոր պայմաններից` ընդգծեց, որ Հայաստանում կան բավականին լավ օրենսդրական կարգավորումներ, սակայն խնդիր է առաջանում դրանց կիրառման ժամանակ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ իր խոսքում կրկին խոսեց կառավարության ջանքերի մասին՝ ուղղված օտարերկրյա բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծմանը:
Կառավարության ջանքերը գնահատելով՝ առկա խնդիրներին անդրադարձավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին. «Օտարերկրյա ներդրողներին գրավելու համար Հայաստանին անհրաժեշտ է կանխատեսելի օրենսդրական դաշտ: Օտարերկրյա ներդրումները Հայաստանի տնտեսական կայունացման կարևորագույն նախադրյալներն են, մանավանդ հիմա, երբ եվրասիական տնտեսական միության երկրների տնտեսական ոչ կայուն վիճակը մարտահրավեր է դարձել նաև Հայաստանի համար: Եվրամիությունը ցանկանում է Հայաստանում տեսնել եվրոպական բիզնեսներ, և այդ առումով մենք կարևոր փուլում ենք՝ մոտ ապագայում Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի Ասոցացման շրջանակային պայմանագիրը»:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գործարարության աջակցման գրասենյակի ղեկավար Գևորգ Պողոսյանը նկատում է՝ օտարերկրյա ներդրումների խոչընդոտներ առկա են նաև բոլորովին վերջերս մշակված հարկային օրենսգրքի նախագծում: