Լուրեր
Ֆրենկ Տուն ավարտեց իր առաքելությունը. ԱՄՆ ներգաղթի հետ կապված հարցերի պատասխանները՝ այստեղ

Ողջույն, ես Ֆրենկ Տուն եմ, Հայաստանում ԱՄՆ հյուպատոսը: Շնորհակալ եմ, որ դիտում եք «Հարցրեք հյուպատոսին» շարքի վերջին թողարկումը՝ իմ մասնակցությամբ: Այն պահին, երբ դուք կդիտեք կամ կընթերցեք այս թողարկումը, ես այլևս Հայաստանում չեմ լինի: Այստեղ ինձ կփոխարինի տիկին Էրին Յուսենը: Հուսով եմ, որ նա կշարունակի պատասխանել ձեր հարցերին և պարզաբանել վիզաների հետ կապված ընթացակարգերը:  Հարցեր ուղարկելիս ներառեք նաև ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի այս թողարկումներում հարցին անդրադառնալու հնարավորություն չունենալու դեպքում ուղղակիորեն պատասխանենք ձեզ:

Հարց Ս. Հարությունյանից.-  Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել` ես վիզա ստանալու ի՞նչ շանսեր ունեմ: Ամուսնացած եմ, ունեմ երկու երեխա՝ 3 և 2 տարեկան: Նշեմ որոշ կենսագրական տվյալներ: Ունեմ աշխատանք, սակայն մշտական չէ: Ավարտել եմ դպրոցը, ապա սովորել եմ պետական լիցենզավորում ունեցող  քոլեջում, իրավաբան եմ: Ընտանիքիս հետ միասին ցանկանում եմ այցելել ԱՄՆ:

– Շնորհակալություն, պ-ն Հարությունյան: Նմանատիպ հարցեր մեզ հաճախ են ուղղում: Հարցն այն է, որ որևէ մեկը չի կարող նախապես գնահատել ձեր և ձեր ընտանիքի վիզա ստանալու շանսերը: Իրավիճակը յուրաքանչյուր դիմողի հետ կապված տարբեր է, և վիզայի ցանկացած որոշում կայացվում է ըստ այդ իրավիճակի: Իսկ եթե ձեզ հետաքրքրում է, թե տուրիստական/բիզնես վիզաների դիմումների քանի տոկոսն է մերժվում, ապա՝ մոտ 50 տոկոսը:  Սակայն սա ոչինչ չի ասում, քանի որ նախ` վիզայի մասին որոշումները վիճակահանության միջոցով չեն  ընդունվում, և երկրորդ՝ հյուպատոսական պաշտոնյաները դիմումների բավարարման կամ մերժումների որոշակի տոկոս ապահովելու խնդիր չունեն: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ ցանկացած դիմում դիտարկելիս հյուպատոսական պաշտոնյան առաջնորդվում է այն ենթադրությամբ, որ դիմողն իրավասու չէ ստանալ վիզա, և դիմողն ինքը պարտավոր է հարցազրույցի ընթացքում և փաստաթղթեր ներկայացնելու միջոցով փաստարկել ու ցույց տալ հյուպատոսական պաշտոնյային, որ իրավասու է ստանալ վիզա:

Ուզում եմ նշել, որ ես և իմ գործընկեր հյուպատոսական պաշտոնյաները Հայաստանում հանդիպել ենք դեպքերի, երբ «շատ լավ» իրավիճակում գտնվող անձինք, ովքեր ունեն քաղաքական կապեր, տնտեսապես կայացած են, ոմանք նույնիսկ նախկինում կարճաժամկետ այցերով եղել են ԱՄՆ-ում, ստացել են տուրիստական վիզա, մեկնել ԱՄՆ ու մնացել այնտեղ:  Ի դեպ, վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիզա ստացածների շուրջ 10 տոկոսը չի վերադարձել: Հյուպատոսական պաշտոնյաների համար սա անցանկալի փաստ է, սակայն դա պատճառ չէ, որ բոլորին մերժենք: Մենք դասեր ենք քաղում այդ դեպքերից, վերանայում ենք որոշումների կայացման մեր մոտեցումները, հարցազրույցների ժամանակ տրվող հարցերը և աշխատում ենք ԱՄՆ ներգաղթային գերատեսչությունների մեր գործընկերների հետ:

Հարց Ա. Մկրտչյանից.- ՀՀ քաղաքացի եմ, 2016թ. մարտից բնակվում եմ Գերմանիայում որպես ուսանող: Այստեղ ես ստացել եմ նույնականացման քարտ 1.5 տարի վավերականության ժամկետով: Պլանավորում եմ ուսանողական արձակուրդիս ընթացքում՝ հուլիսի 16-ից 31-ը, մեկնել Լոս Անջելես: Որտեղի՞ց կարող եմ ստանալ տուրիստական վիզա՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնի՞ց, թե՞  Գերմանիայում ԱՄՆ դեսպանատնից:  

– Տեխնիկապես վիզայի դիմում կարող եք ներկայացնել վիզայի դիմումները քննության առնող ԱՄՆ ցանկացած դեսպանատուն կամ հյուպատոսարան: Սակայն եթե ճիշտ եմ հասկանում, ձեզ հետաքրքրում է Բեռլինում ԱՄՆ դեսպանատանը վիզա ստանալու հնարավորությունը: Վիզայի համար դիմող ցանկացած անձ աշխարհի ցանկացած երկրում նախևառաջ դիտարկվում է որպես ներգաղթի մտադրություն ունեցող անձ, և դիմողը պետք է կարողանա ԱՄՆ հյուպատոսական պաշտոնյային ապացուցել, որ ԱՄՆ-ից դուրս ամուր կապեր ունի, որպեսզի նրա դիմումը բավարարվի: Քանի որ ՀՀ քաղաքացիների գերակշիռ մասը վիզայի դիմում ներկայացնում է հենց Հայաստանում, ապա այստեղ աշխատող հյուպատոսական պաշտոնյաները գիտեն, թե որն է «ամուր կապ» հանդիսանում ՀՀ քաղաքացիների համար: Գերմանիայում աշխատող հյուպատոսական պաշտոնյան պարտավոր չէ դա իմանալ, նրանցից պահանջվում է իմանալ, թե որն է համարվում ամուր կապ Գերմանիայի հետ: Եթե ձեր հիմնական կապերը Հայաստանի հետ են, իսկ Գերմանիայում աշխատող պաշտոնյան չի տիրապետում դրան, ապա նա դիմումը կմերժի:

Անանուն հարց.- Սկեսուրս դիմել է ԱՄՆ դեսպանատուն ոչ ներգաղթային վիզա ստանալու համար, որպեսզի մեկնի ԱՄՆ՝ դստերը, թոռանը տեսնելու ու այնտեղ իր արձակուրդն անցկացնելու համար: Նրան մերժել են այն հիմնավորմամբ, որ վստահ չեն, թե կվերադառնա Հայաստան: Ուզում եմ նշել, որ սկեսուրս աշխատում է դպրոցում, ուսուցիչ է: Նրա ամուսինը, որդին, թոռը և մայրը բնակվում են Հայաստանում,  ունի սեփականություն Հայաստանում: Նրա դուստրը ԱՄՆ քաղաքացի է, բնակվում է ԱՄՆ-ում: Եթե սկեսուրս ԱՄՆ տեղափոխվելու մտադրություն ունենար, ապա նրա աղջիկը համապատասխան միջնորդություն կներկայացներ: Խնդրում եմ հստակեցնել այն հիմքերը, որոնք սկեսուրիս վիզայի դիմումի մերժման պատճառ են հանդիսացել:

– Շնորհակալություն հարցի համար: Սովորաբար մեր թողարկումներում նմանատիպ հարցեր ես չեմ ներառում, քանի որ անձնական տվյալների գաղտնիության մասին ԱՄՆ օրենքով մենք իրավասու չենք առանձին գործերի մանրամասները քննության առնել որևէ երրորդ անձի հետ կամ հրապարակավ: Նշեմ, որ Հայաստանում եղել են շատ դեպքեր, երբ հյուպատոսական պաշտոնյան առաջնորդվել է այն ենթադրությամբ, որ ԱՄՆ քաղաքացի հանդիսացող զավակը կարող էր ՀՀ քաղաքացի ծնողի համար ներգաղթային վիզայի միջնորդություն ներկայացնել, և տրամադրել է տուրիստական վիզա, սակայն ՀՀ քաղաքացի ծնողն, այնուամենայնիվ, տուրիստական վիզայով որոշել է մնալ ԱՄՆ-ում:  Ձեր հարցից դատելով՝ ձեր սկեսուրին մերժել են Ներգաղթի ու քաղաքացիության մասին 214(b) հոդվածի հիմքով, ինչը նշանակում է, որ դիմողը.

  • չի կարողացել բավարար կերպով հիմնավորել հյուպատոսական պաշտոնյայի մոտ, որ իրավասու է ստանալ տվյալ տեսակի վիզա և/կամ
  • չի կարողացել փարատել հնարավոր ներգաղթող լինելու վերաբերյալ կանխավարկածը, ինչը պահանջվում է ամերիկյան օրենքներով, և ինչն անելու համար պետք է ցույց տալ հայրենի երկրի հետ ունցած այն ամուր կապերը, որոնք կստիպեն դիմողին կարճ ժամանակ ԱՄՆ-ում մնալուց հետո վերադառնալ հայրենի երկիր:

214(b) հոդվածի հիման վրա տրված մերժումը վերաբերում է տվյալ դիմումին, ինչը նշանակում է, որ գործը փակելուց հետո այլ քայլեր հնարավոր չէ ձեռնարկել: Բողոքարկման գործընթաց, որպես այդպիսին, չի գործում: Եթե դուք կամ ձեր սկեսուրը կարծում եք, որ կան հավելյալ տեղեկություններ, որոնց դիտարկումը վիզայի վերաբերյալ որոշման հարցում կարող է դերակատարում ունենալ, կամ մերժված դիմումի պահի համեմատ  հանգամանքների զգալի փոփոխություններ են տեղի ունեցել, ապա կարող եք վիզայի համար նորից դիմում ներկայացնել, ինչը նշանակում է, որ կրկին պետք է լրացնել դիմում, վճարել սահմանված միջնորդավճարը և նոր հարցազրույցի պայմանավորվածություն ձեռք բերել:

Հարց Է. Դավթյանից.- Ծնվել և ապրում եմ Հայաստանում: Սիրածս աղջիկն էլ է Հայաստանից և 2016թ. մայիսին շահել է գրին քարտի խաղարկությունում:  Մենք ընկերություն ենք անում 2011թ.-ից, դեռևս ամուսնացած չենք, և, բնականաբար, նա իր դիմումի մեջ իմ մասին չի հիշատակել: Այս տարի ավելի ուշ պլանավորում ենք հարսանիք անել: Խնդրում եմ նշել, թե ինչ քայլեր մենք պետք է ձեռնարկենք, որպեսզի երկուսս էլ ստանանք ներգաղթային վիզա: Այս մասին դեսպանատանը հարսանիքից առա՞ջ է պետք  տեղյակ պահել, թե՞ հետո: Կարճ ասած, ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ է պետք է անել, որ երկուսս էլ վիզա ստանանք և երկուսով մեկնենք ԱՄՆ:

– Շնորհակալություն, Է. Դավթյան, հարցի համար: Շնորհավորում եմ ձեզ առաջիկա հարսանիքի ու առաջիկայում ԱՄՆ տեղափոխվելու համար: Իմացեք, որ ձեր հարսնացուի հետ ԱՄՆ գնալու հետ կապված որևէ անհանգստանալու բան չունեք: Եթե նախընտրում եք մեկնել միաժամանակ, ապա պետք է հնարավորինս շուտ ամուսնանաք: Ամուսնությունից  հետո, եթե ձեր դիմումը դեռևս գտնվում է Քենտուքիի հյուպատոսական կենտրոնում, պետք է նրանց տեղյակ պահեք այդ մասին  և իմանաք, թե ինչ հավելյալ փաստաթղթեր է պետք ուղարկել: Իսկ եթե գործն արդեն դեսպանատանն է, ապա պետք է այդ մասին տեղյակ պահել դեսպանատանը: Քանի որ անհրաժեշտ փաստաթղթերի համար ժամանակ կպահանջվի, ուստի ցանկալի է, որ գործընթացը հնարավորինս շուտ սկսեք: Դա ձեզ ավելի մեծ հնարավորություն կտա, որպեսզի ձեր գործերին ընթացք տրվի միաժամանակ: Բացի դիմումից՝ անհրաժեշտ են նաև այլ փաստաթղթեր, օրինակ՝ բժշկական զննության փաթեթ, նաև միջնորդավճար, որը պետք է վճարել դեսպանատանը, և դուք պետք է նաև հարցազրույց անցնեք: Հյուպատոսական պաշտոնյան նախ կփորձի հասկանալ ձեր և ձեր ընկերուհու հարաբերությունները: Դրանց  մասին փաստող լուսանկարներ կամ այլ փաստարկներ, անշուշտ, կարող եք ներկայացնել, սակայն հյուպատոսական պաշտոնյան ավելի շատ կհիմնվի հարցազրույցի ընթացքում ձեր և այդ ժամանակ արդեն ձեր կինը դարձած անձի պատասխանների վրա:  Դուք և ձեր ընկերւհին պետք է այս գործընթացն ավարտեք ու ԱՄՆ մեկնենք ոչ ուշ, քան 2016թ. սեպտեմբերի 30-ը:  Կրկին շնորհավորում եմ հարսանիքի ու ԱՄՆ տեղափոխվելու առիթներով:

Շնորհակալ եմ այս երկու տարիների ընթացքում ինձ ուղղած ձեր լավ հարցերի համար: Հուսով եմ՝ կարողացել եմ օգնել ձեզ ավելի լավ պատկերացնել վիզայի ստացման ու ներգաղթային գործընթացները: Դրանք տարբերվում են այլ երկրների ընթացակարգերից, սակայն հիմնվում են ամերիկյան օրենքների վրա, որոնք հրապարակավ հասանելի են բոլորի համար: ԱՄՆ դեսպանատներում ու հյուպատոսարաններում մեծապես կարևորվում է  սպասարկման որակը, և անկախ վիզա տրամադրելու կամ մերժելու հանգամանքից՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը ձեզ կցուցաբերեն արհեստավարժ և բարեհաճ վերաբերմունք:

  • Դիտումներ՝ *