Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտսր Սվիտալսկին Երևանում հայտարարել է, որ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է իրականացվեն, որովհետև դրանք կառուցում են Ղարաբաղյան գործընթացում փոփոխությունների ճանապարհը՝ դրական փոփոխությունների ճանապարհը: Միաժամանակ Սվիտալսկին հայտարարել է, թե ներկայումս հանրային դիվանագիտության ժամանակը չէ, և իրենք փորձում են կարգավորման առաջընթացին նպաստել:
Սվիտալսկին, ըստ էության, կրկնում է այն, ինչ մի քանի օր առաջ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ հայտարարելով, թե Ղարաբաղյան գործընթացը լռություն է պահանջում: Զախարովան այդ մասին հայտարարեց այն բանից հետո, երբ ադրբեջանցիները խոսեցին 5 շրջանի շուրջ փուլային պայմանավորվածության մասին:
Ինչի՞ մասին է խոսում այժմ Եվրամիության դեսպանը, երբ ասում է, որ հանրային դիվանագիտության ժամանակը չէ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, որը հենց հայտարարել էր 5 շրջանի շուրջ Սանկտ Պետերբուրգի համաձայնության մասին և արժանացել Մոսկվայի նկատողությանը, օրերս էլ հայտարարել է, որ կարգավորման գործընթացում կա առաջընթաց՝ այդ թվում Մինսկի խմբի դիրքորոշման մեջ:
Մինսկի խմբի դիրքորոշումը հակասական է: Սանկտ Պետերբուրգից հետո Ֆրանսիան հայտարարեց, որ առաջնայինը Վիեննան է: Դրա մասին են հայտարարում ԱՄՆ-ը, Գերմանիան, այժմ՝ Եվրամիության դեսպանը: Այս ամենը վկայում են, որ Սանկ Պետերբուրգը չի դիտվել կամ չի դիտվում Վիեննայի շարունակություն: Բայց ի՞նչ է Վիեննան, դա էլ առ այսօր անհասկանալի ու անորոշ է: Ըստ էության, տպավորություն է, որ Վիեննան հրադադարի պահպանման մեխանիզմն է: Հայաստանը հայտարարում է, որ կողմերին ներկայացվել է դրա վերաբերյալ փաստաթուղթ: Այդ մասին և՛ համանախագահներն էին հայտարարել, և՛ Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Ըստ այդմ հարց է առաջանում, արդյոք նույն բա՞նն են առաջարկում լռության մատնել, հանրային աչքից հեռու պահել Եվրամիության դեսպանն ու ՌԴ ԱԳՆ խոսնակը: Թե՞ նրանք խոսում են տարբեր բովանդակություններ լռության մատնելու մասին: Եվ ըստ այդմ, արդյոք Մինսկի խմբում առաջընթացի մասին ադրբեջանական հայտարարությունները վկայում են Բաքվի՞ այսպես ասած փոխզիջման մասին, թե՞ հակառակը:
Եթե լռությունը նպաստելու է հրադադարի մեխանիզմի ներդրման գործին, Վիեննայի օրակարգը առաջ մղելուն, ապա այն կարող է ողջունելի լինել: Սակայն եթե լռությունը նպաստելու է առևտրին, որտեղ շոշափվում են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար առանցքային հանդիսացող անվտանգության խնդիրներ, ապա այստեղ լռությունը սպառնալիք է Հայաստանի և Ղարաբաղի անվտանգությանը: Այդուհանդերձ, ընդհանուր առմամբ, լռության հարցը իսկապես առանցքային է: Քննարկվում է մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, արդյոք կարո՞ղ է հաջողություն ունենալ այդ ճակատագրի քննարկումը տվյալ ժողովրդի աչքից հեռու պահելու մարտավարությունը:
Ի վերջո, դա չի՞ եղել արդյոք Ղարաբաղյան կարգավորման ընթացքը փակուղի մտցնելու պատճառներից մեկը, որ գործընթացը զուրկ է եղել հանրային հաշվետվողականությունից, հեռու է եղել հանրային դիվանագիտությունից: