Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ու Ղազախստանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել միմյանց հետ, որի նախաձեռնողը եղել է թուրքական կողմը:
Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի մամլո ծառայությունը: Հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը անկեղծ շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահին այն անգին ներդրման ու մեծ աշխատանքի համար, որ նա ունեցել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործում:
Էրդողանը Նազարբաևին իրազեկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հեռախոսազրույցի մասին և հույս է հայտնել, որ Անկարայի ու Մոսկվայի միջև մերձեցման ուղղությամբ նշմարված բոլոր քայլերը կիրականացվեն:
Բացի այդ, Էրդողանը Նազարբաևին շնորհավորել է ՄԱԿ-ի ԱԽ-ի ընտրություններում Ղազախստանի համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Նա Ղազախստանի նախագահին հրավիրել է մոտ ժամանակներս այցելել Թուրքիա: