«Այն բոլոր պայմանավորվածությունները, որ մենք ունենք ՌԴ հետ, առաջին հերթին տարածաշրջանային համատեղ խմբավորումների ձևավորման, ինչպես նաև մեր ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում իրականացվում են պատշաճ մակարդակով», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ մեր ռազմատեխնիկական համագործակցությունը զրագացում է ապրում:
«Ինչ վերաբերում է միջպետական վարկին, ապա այն իրականացվում է նաև ռազմատեխնիկական զարգացման շրջանակներում, մի փաստաթուղթ, որը ստրորագրել ենք 2013թ-ին, և որը հնարավորություն է տալիս, որ մենք առաջին հերթին ժամանակակից սպառազինություն ձեռք բերենք, համատեղելի սպառազինություն ունենանք, այդ բոլոր ձեռքբերումներն իրականացնենք ՌԴ և ՀԱՊԿ-ի շրջանակներում, ներքին գներով, ինչպես նաև ուղղակի կապ ունենանք տարբեր կազմակերպությունների հետ և նաև հնարավորություններ ընձեռելով համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ: Միջպետական վարկի իրականացման բոլոր նախապատրաստական աշխատանքները կատարվել են, չպետք է մոռանանք, որ այն տարբերվում է կանխիկ գնումներից, որովհետև այն համապատասխան ընթացակարգեր ունի, ներպետական, միջպետական համաձայնություններ ենք իրականացնում, պայմանագրերի գրեթե 80 տոկոսն արդեն կնքվել են, և գործընթացն առաջ է գնացել: Ինչ վերաբերում է մնացած 20 տոկոսին, մոտ ժամանակներս այդ պայմանագրերն էլ կկնքվեն»:
Պաշտպանության նախարարն անդրադարձավ նաև հասարակության մոտ առկա գլխավոր մտահոգությանը՝ կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ:
«ՀՕՊ նոր համակարգի ձևավորումը թույլ է տալիս, որպեսզի Կովկասյան տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում, ՀՀ-ում մենք մեր օդային պաշտպանության խնդիրներն իրականացնելու համար ներառենք նաև Ռուսաստանի Դաշնության 102 ռազմաբազայի 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչների, օդատիեզերական զորքերի բոլոր հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան նաև, որպեսզի մենք լուրջ հետախուզական տվյալներ ունենանք, որոնք ընդհանուր տեղեկատվական դաշտում կլինեն և կկանխարգելեն այն խախտումները, որոնք կկիրառվեն մեր հակառակորդների կողմից: Այս առումով առավել քան հուսալի գործընկեր, ինչպիսին Ռուսաստանն է, այս պահին չենք տեսնում: Ի՞նչ է նշանակում ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերությունները կվատանան: Մենք հավասարաչափ և՛ ՀԱՊԿ-ի շրջանակներում, և՛ նաև Հյուսիսատլանտյան դաշինքնի շրջանակներում բազմակողմ հարթության վրա համագործակցություն ենք իրականացնում»:
Նախարարն անդրադարձավ նաև կոռուպցիայի դեմ պայքարին, նա հավաստիացրեց, որ վերջին 8 տարվա ընթացքում 140 պաշտոնյա է ազատվել աշխատանքից:
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի կալանավորման վերաբերյալ հարցին նախարարն արձագանքեց. «Այդ մասին հարցրեք ձերբակալողներին»։
Սամվել Բաբայանի կարիքը կա՞ արդյոք այսօր պաշտպանության ոլորտում. անդրադառնալով այս հարցին՝ Սեյրան Օհանյանը նշեց. «Ամեն մարդ իր կատարածը կատարել է արդեն: Այսօր Զու-ն և Արցախի բանակի ղեկավարությունը իրենց առջև դրված խնդիրներն իրականացնում են, այնպես որ, պետք չէ, որպեսզի կողքից փորձեն խանգարել: Թող ամեն մեկն իր գործով զբաղվի, պետք չեն տարբեր տիպի հանդիպումներ, կլոր սեղաններ, որոնք այս կամ այն ժամանակահատվածում նաև որոշակի ռազմական գաղտնիքներ են բացում, իսկ ռազմական գաղտնիքի բացահայտումը նշանակում է ջուր լցնել հակառակորդի ջրաղացին»:
Մանրամասները՝ տեսանյութում: