Նավթի գինը բարձրանում է Նորվեգիայում վերահաս գործադուլի ֆոնին, որ կարող է կրճատել Արևմտյան Եվրոպայի խոշորագույն արտադրողի կողմից հումքի արդյունահանումը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.24 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.36 դոլարի, իսկ WTI թեթև նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 1.3 տոկոսով՝ հասնելով 46.93 դոլարի։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ մոտ 750 նորվեգացի աշխատողներ 7 նավթային ու գազային հանքերում ծրագրում են գործադուլ սկսել շաբաթ օրվանից։ Բողոքի պատճառը վճարման հարցով վեճն է։ Բանակցությունների եզրափակիչ ռաունդը տեղի կունենա հունիսի 30-ին և հուլիսի 1-ին։