Նախորդ տարվա համեմատ այս տարի Հայաստանի բնակչության թիվը նվազել է ևս 12.900-ով, այս տվյալը հրապարակել է ԱՎԾ-ն:
Ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը «Առաջին լրատվական»-ի զրույցում մանրամասնում է՝ արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլև ավելի է մեծանում այն պարզ պատճառով, որ Հայաստանում դրան խթանող գործոնները՝ քաղաքական, տնտեսական ու նաև հոգեբանական, որևէ փոփոխության չեն ենթարկվում:
Աշխատատեղերի բացակայություն, ցածր աշխատավարձեր, սովիալական ծանր պայմաններ. Եգանյանը թվարկում է պատճառներն ու նկատում, որ այս հիմնական խնդիրները դեռևս լուծումներ չեն ստանում:
Արտագաղթը կանխելու և ներհոսք ապահովելու համար պետք է դիտարկել ձգող ու վանող գործոնները՝ ասում է Եգանյանը: Այսօր, սակայն, այդ գործոնների հարաբերակցությունը խախտված է. միակ ձգող գործոնը հայրենասիրություն գաղափարն է, որը վանող գործոնների՝ սոցիալական ծանր իրավիճակի, տնտեսական անկայունության դեպքում բավականին թուլ գործոն է:
Արտագաղթի երևույթը կանխելու համար պետք է ներազդել դա ծնող գործոնների վրա՝ ընդգծում է Եգանյանն ու հավելում. «Անհրաժեշտ են համալիր լուծումներ, որոնք կախված են նաև քաղաքական որոշումներից»:
Լուսանկարը` ArmLur.am-ի