Apple-ը մեծ ուշադրության է արժանացնում էներգամատակարարման սեփական համակարգի ստեղծմանը՝ անցնելով էներգիայի այլընտրանքային աղբյուրներին, հայտնում է portaltele.com.ua-ն:
Apple-ը պայմանագիր է կնքել Հյուսիսային Կարոլինա նահանգի Կատոբա շրջանի իշխանությունների հետ, համաձայն որի՝ մուտք կստանա արտադրական թափոնների աղբանոցին՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով:
Ընկերության տրամադրության տակ է անցնում 1.5 հա հող, որտեղ գտնվում է խոշոր աղբանոց: Էլեկտրաէներգիա ստանալ պլանավորվում է մնացորդների բնական քայքայման պրոցեսից, որի ժամանակ անջատվում է մեծ քանակությամբ մեթան: Վերամշակման համակարգի ստեղծման համար պատասխանատու կլինի Quadrogen Power Systems ընկերությունը:
Apple-ի համար վարձակալական վճարը շահագործման առաջին 5 տարիների համար կազմում է տարեկան ընդամենը 5 569 դոլար: