Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ «Իրավական պայքարի միությունը» (Hukuki Mücadele Derneği) կողմ է արտահայտվել քրեական գործի հարուցմանը Գերմանիայի խորհրդարանի 11 պատգամավորների հանդեպ, որոնք ունեն թուրքական արմատներ, և հունիսի 2-ին Բունդեսթագում անցկացված քվեարկության ժամանակ աջակցել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:
Միության նախագահ Օղուզհան Բուհուրը հայտարարել է, որ Գերմանիայի խորհրդարանի թուրքական արմատներով այդ անդամների արարքը ընկնում է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի տակ և անհրաժեշտ է հետաքննություն սկսել:
Խոսքը թուրքական արմատներով Ջեմ Օզդեմիրի, Մահմութ Օզդեմիրի, Այդան Օզօղուցի, Մեթին Հաքվերդիի, Ջանսել Քըզըլթեփեի, Գյուլիստան Յուքսելի, Էքին Դելիգյոզի, Օզջան Մութլուի, Սևիմ Դաղդելենի, Ազիզի Թանքի ու Ջեմիլե Յուսուֆի մասին է:
Օղուզհան Բուհուրը նրանց հարցով դիմել է Անկարայի հանրապետական դատախազություն՝ ցանկություն հայտնելով, որ նրանց դեմ քրեական գործ հարուցվի ՔՕ 301-րդ հոդվածով (առնչվում է թուրք ազգին, Թուրքիայի Հանրապետություն պետությանը, պետական հիմնարկներին ու մարմիններին վիրավորելուն):