Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի Բորդո քաղաքում երեքշաբթի մասնակցել է գինու նոր թանգարանի (Cite du vin) բացման հանդիսավոր արարողությանը, հայտնում է RIA Novosti-ն:
Citе du Vin-ը խոշոր նախագիծ է` նվիրված գինուն, որպես Ֆրանսիայի տնտեսության, մշակույթի և կենսակերպի մաս: Գարոնա գետի ափին ֆուտուրիստական շենքում տեղադրվել են ցուցադրման սրահներ, դասախոսության դահլիճներ, հանդիպման սենյակներ և համտեսման ստուդիաներ: Բացի մշտական հավաքածուից, այնտեղ կլինեն ժամանակավոր ցուցահանդեսներ: Թանգարանում հատուկ ուշադրության է արժանացված ժամանակակից տեխնոլոգիաներին և ինտերակտիվ տարրերին:
«Այստեղ մենք պատվում ենք գինուն իր բոլոր դրսևորումներով՝ որպես մեր տնտեսության մաս, արտադրության ճյուղ, մշակույթի, քաղաքակրթության և կենսակերպի տարր: Մենք նաև խոսում ենք այն մասին, որ այն ունի հարուստ պատմություն, որը պետք է հասկանալ և հարգել, ժառանգություն, որը անհրաժեշտ է պահպանել, և հեռանկար»,- ասել է երկրի նախագահը:
Cite du vin մշակութային և տուրիստական կենտրոնի նախագծի իրականացումը սկսվել է 2009 թվականին, որի արժեքը կազմել է 81 միլիոն եվրո: