Մյունխենի «Բավարիա»-ի կառավարման խորհրդի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն հայտարարել է, որ ակումբը պատրաստ է կիսապաշտպաններ Արիեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի հետ ապագայում քննարկել պայմանագրերի ժամկետի երկարաձգման հարցը: Երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2017 թվականի ամռանը:
«Չեմ բացառում, որ Ռոբենն ու Ռիբերին նոր պայմանագրեր կստորագրեն «Բավարիա»-ի հետ: Գիտենք, թե որքան են կարևոր նրանք թիմի համար ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Սակայն երկուսն էլ պետք է սպասեն: Դա նորմալ է, երբ խոսք է գնում 30 տարեկանի սահմանը հատած ֆուտբոլիստների մասին»,- Kicker-ը մեջբերում է Ռումենիգեի խոսքերը:
Հիշեցնենք` 32-ամյա Ռոբենը «Ռեալ»-ից «Բավարիա» է տեղափոխվել 2009 թվականին, իսկ 33-ամյա Ռիբերին մյունխենցիների կազմում հանդես է գալիս 2007 թվականից` «Մարսել»-ից տեղափոխությունից հետո: