Fingertips Lab ստարտափը ներկայացնում է անսովոր աքսեսուար սմարթֆոնը ղեկավարելու համար: Այն թույլ է տալիս հեռախոսից օգտվել առանց նրա էկրանին նայելու, հայտնում է nr2.com.ua-ն:
O6 անվանումով սարքը հաբի տեսք ունի և ոչ մեծ, անլար սարք է: Այն կարելի է կրել որպես ձեռքի ապարանջան, ինչպես նաև ամրացնել հագուստին կամ ավտոմեքենայի ղեկին: Սարքը սմարթֆոնին միանում է Bluetooth-ով: Առաժմ այն աշխատում է միայն iPhone-ի և iPad-ի հետ: Սարքն ունի ղեկավարման մի քանի մաս` 4 նավիգացիոն ստեղն, պտտման անիվ և ձայնային ղեկավարում:
O6-ի օգնությամբ կարելի է զանգել, լսել նամակները, պատասխանել հաղորդագրություններին և շատ այլ բաներ անել: Սարքի մարտկոցը բավականացնում է 7-10 օր: Fingertips Labs ընկերությունը Kickstarter-ում սկսել է դրամահավաք: Եթե նրանց հաջողվի հավաքել անհրաժեշտ գումարը, ապա O6 սարքը կհանվի վաճառքի 149 դոլար արժեքով: