Սիրիայում ավելի քան 450 հազար մարդ ապրում է կառավարական ուժերի կողմից պաշարման մեջ և ավելի քան 100 հազարը գտնվում են քաղաքներում, որոնք պաշարված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման կողմից։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՝Բրայենը։
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի ԱԽ նիստում՝ Օ՝Բրայենը ներկայացրել է վերջին տվյալները Սիրիայում մարդասիրական վիճակի վերաբերյալ։
«Ներկա պահին 592.7 հազար մարդ ապրում է պաշարված շրջաններում»,- ասել է նա՝ հավելելով, որ 110 հազար մարդ ԴԱԻՇ-ի շրջափակման մեջ է Դեր Զոր քաղաքում, 20 հազար մարդ պաշարման մեջ է ոչ պետական խմբավորումների ու «Ալ-Նուսրայի ճակատի» կողմից Իդլիբ նահանգի Ֆուա և Կեֆրայա բնակավայրերում։
ՄԱԿ-ի գնահատականներով՝ մարդասիրական օգնության կարիք ունի ավելի քան 13.5 մլն մարդ։ Մոտ 4.6 մլն մարդ ապրում է պաշարման մեջ գտնվող կամ օգնության մատակարարման համար դժվարհասանելի բնակավայրերում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցում ասվում էր, որ 2016 թվականի սկզբից մոտ 800 հազար սիրիացիներ, ովքեր ապրում են պաշարված կամ դժվարհասանելի բնակավայրերում, մարդասիրական օգնություն են ստացել։