ԱՄՆ-ը վստահ է, որ անհրաժեշտության դեպքում իր զինված ուժերը, այդ թվում՝ ռազմածովային ուժերը, կարող են պատասխան տալ Ռուսաստանի կամ Չինաստանի ցանկացած գործողության։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Պատասխանելով հարցին՝ ԱՄՆ-ին արդյոք չի՞ անհանգստացնում Ռուսաստանի և Չինաստանի ռազմական ներուժի մեծացումը, ՊՆ ներկայացուցիչն ասել է. «Մենք ունենք մեր հակառակորդներին զսպելու բոլոր հնարավորությունները»։ Կուկն ընդգծել է, որ ԱՄՆ-ը դրա համար ունի ֆինանսական, կազմակերպչական և տեխնիկական ռեսուրսներ։
Ռուսաստանի և Չինաստանի վերաբերյալ հարցը տրվել էր Պենտագոնի մամլո քարտուղարին՝ կապված այն բանի հետ, որ հինգշաբթի ավելի վաղ Կոնգրեսում լսումներ էին կայացել ԱՄՆ ռազմածովային ուժերի մարտական պատրաստականության թեմայով։
Լսումներին հանդես եկած զինվորական մասնագետները խոսել էին ամերիկյան ռազմածովային ուժերի գործունեությունում բավականին լուրջ խնդիրների մասին։