Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում հիմնականում քննարկվել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը: ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Նախագահը ներկայացրել է իր վերջին շաբաթվա հանդիպումները և միջազգային գործընթացները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ, ներկայացրել է նաև անվտանգության ամրապնդման միջոցառումների ընթացքը»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահը հավելեց նաև, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովի վերջին արտահերթ նիստի աշխատանքներին, որի ընթացքում քննարկվել և ամբողջությամբ ընդունվել է ՀՀ Ընտրական օրենսգիրքը:
Խոսելով ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի վերադարձի մասին` Էդուարդ Շարմազանովն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքացի ազատ տեղաշարժի, վերադառնալու, գնալու իրավունք ունի. «Բարով է վերադարձել»: