Թուրքիայի արևելքում միանգամից մի քանի կետերում շարունակվում են Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) մարտիկների և ուժայինների միջև բախումները: Երկու օրվա ընթացքում քուրդ աշխարհազորայինները ոչնչացրել են 16 զինվորականների: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով HPG-ի (ՔԱԿ-ի ռազմական ճյուղ) հայտարարությանը:
«Հյուսիսային Քուրդիստանում պարտիզանական ակտիվությունը շարունակվում է աճել: Սպանվել է 16 զինվոր»,- ասված է հաղորդագրությունում:
Հաքարի շրջանում քուրդ պարտիզանները հարձակվել են ռազմական շարասյան վրա, երկու զինվոր սպանվել է և երեքը վիրավորվել: Յուկսեկովի շրջանում ՔԱԿ-ի մարտիկները հարձակվել են ռազմական կայազորի վրա, որի արդյունքում զոհվել է չորս զինվորական: HPG-ն հայտնել է նաև Թուրքիայի հարավ-արևելքում մի քանի կետերում թուրք զինվորականների և ոստիկանների վրա նույնպես տեղի ունեցած հարձակումների մասին: