«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ միջազգային կազմակերպություններն ու իրավապաշտպանները ողջունում են Ադրբեջանում հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային ազատ արձակելը:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը դա որակել է որպես շատ դրական քայլ: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հայտարարել է, որ այդ նախադեպը կկրկնվի նաև մյուս դեպքերում:
Նյու Յորքում բազավորված Լրագրողների պաշտպանության կոմիտեն Խադիջայի ազատումը որակել է որպես ուրախության առիթ, սակայն դրա հետ մեկտեղ ուշադրություն է հատկացրել Ադրբեջանում լրագրողների հալածման դեպքերին:
Իսմայիլովան ազատության մեջ հայտնվելուց հետո հայտարարել է, որ շարունակելու է արդարության համար պայքարը: