Միջերկրական ծովում «որսացել են» եգիպտական EgyptAir ավիաընկերության կործանված A320 ինքնաթիռի վթարային ռադիոփարոսի ազդանշանը՝ հայտնում է TASS-ը:
Ինչպես հայտնել է Եգիպտոսի հետաքննական հանձնաժողովի ղեկավար Այման ալ Մուքադամը՝ պարզվել է վթարային ռադիոփարոսի (ELT) գտնվելու վայրը, որը հողի կամ ջրի հետ ինքնաթիռի բախման դեպքում սկսում է արբանյակին փոխանցել աղետի վայրի ճշգրիտ կոորդինատները:
Ալ Մուքադամի խոսքով՝ «ռադիոփարոսի ազդանշանների հիման վրա պարզվել է դրա գտնվելու շրջանը 5 կմ շառավղով»: Նա հստակեցրել է, որ ինքնաթիռը հագեցած է 3 այդպիսի սարքերով, որոնցից մեկը տեղադրված է պոչի մասում: Հենց դա էլ ներկայումս որոնվում է՝ նշել է նա և ավելացրել, որ դրա հայտնաբերումը թույլ կտա գտնել ինքնաթիռի նոր բեկորներ: